Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետի թեկնածուն չի կարող լինել ՀՀԿ-ական. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը (ուղիղ)

analitik.am

ՀՀ-ում մեր քաղաքական շարժումն այսօր վայելում է բնակչության 90 տոկոսի և Սփյուռքի աջակցությունը, և այսօր ոչ ոք չի կարող ժողովրդից խլել այդ հաղթանակը. միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Այդպիսի բան չի լինի, որ ՀՀԿ-ական որևէ թեկնածու լինի ՀՀ վարչապետ:  ՀՀ-ում ՀՀԿ  ժամկետը վերջացել է, ցանկացած փորձ՝ վերակենդանացնելու այդ կուսակցությունը, ոչ մի բանի չի բերի»,- ասաց Փաշինյանը:

Ի պատասխան հարցի, թե պատրաստ է Նիկոլ Փաշինյանը  լինել վարչապետ, ասաց. «Ես արդեն ասել եմ, որ եթե ժողովուրդը դնի իմ վրա  նման պարտականություն, ես իհարկե կստանձնեմ այն: Ես հասկանում եմ, որ կա շատ հավանականություն, որ այդպես էլ կլինի»,- ասաց նա:

Հարցին, թե ՀՀԿ-ից կա նման երաշխիք, որ նրան էլ կընտրեն, Փաշինյանը պատասխանեց, որ իրենց օրակարգի պահանջների երրորդ կետը հենց դրան է վերբերել.«Մենք պետք է երաշխավորենք բացարձակապես ազատ ու օրինական ընտրությունը երկրում, որովհետև բոլորս համոզված ենք, որ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը սկսվեց այն ժամանակ, երբ մարդիկ տոտալ սկսեցին չվստահել ընտրություններին, և առաջին բանը, որ պետք է անենք, բարեփոխել Ընտրական օրենսգիրքը և քաղաքական կուսակցությունների մասին օրենքը»:

Հստակեցմանը, թե երաշխավորություն ունեցել են, որ ՀՀԿ-ն պատրաստ է հեռանալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ՀՀԿ-ից չունենք որևէ երաշխավորություն, մենք ունենք ավելի ուժեղ երաշխիք, և դա Հայաստանի ժողովրդի տված երաշխիքն է»:

Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին Ռուսաստանի և այլ աշխարհաքաղաքական ուժերի  վերաբերմունքի մասին իշխանափոխությանը: Նա ասաց, որ իրենք որևէ օտարերկրյա ուժերի հետ որևէ խոսակցություն, բանակցություն չեն ունեցել, ո՛չ ռուսական, ո՛չ ԵՄ կամ ԱՄՆ-ի հետ:

«Սակայն դա չի նշանակում, որ մենք փակ ենք որևէ բանակցության համար: Ես ուզում եմ պնդել ևս մեկ անգամ, որ չկա որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ մեր հեղափոխության մեջ, և սա Հայաստանի մաքուր ներքին գործն է, չկա որևէ աշխարհաքաղաքական ուժ, որը ներգրավված է: Ես հույս ունեմ, որ աշխարհաքաղաքական ուժերը հասկանում են դա, այնպես որ մենք պատրաստ ենք խոսել Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունների, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-Վրաստան հարաբերությունների ապագայի մասին խոսել»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ իրենք պաշտպանելու են ինչպես ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների շահը, այնպես էլ Արցախի շահը:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ քաղաքական հարաբերությունների կանխատեսմանը, ապա Փաշինյանն ասաց, որ բոլոր իշխանությունները միշտ էլ նույն պատասխանն են տալու ՌԴ-ի հարցում, այն է, որ ՀՀ-ի համար ՌԴ-ի հետ հարաբերությունները շատ-շատ կարևոր են. «Կասկած չկա, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն եղբայրական, բարեկամական պետություններ են, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություներում խնդիր չկա, մեր նպատակը չէ քննադատել, այլ խնդիրն է լուծել բանակցությունների, քննարկումների մեջ եղած խնդիրները, և ես վստահ եմ, որ այդ խնդիրները լուծվելու են»:

Հարցին, թե ինչ կլինի, եթե ՀՀԿ-ը չհամաձայնվի իրենց պահանջներին, Փաշինյանը պատասխանեց.

«Եթե մենք կարողացանք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, մենք վստահ ենք, որ կկարողանանք հասնել նրան, որ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ը, համաձայնվի ժողովրդի կամքի հետ, այլապես մենք կշարունակենք մեր ակցիաները՝ նույնիսկ ավելի մեծ ծավալով»:

Փաշինյանին հարցրեցին՝ արդյոք  ինքն արևմտամետ կողմնորոշմամբ քաղաքական գործիչ է, որին  Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ո՛չ, եթե ինձ որևէ մեկն անվանի արևմտամետ, դա թյուրըմբռնում կլինի, եթե ինչ-որ մեկն ինձ ռուսամետ անվանի, դա ևս թյուրըմբռնում կլինի, միակ ճշգրիտ ձևակերպումը մեր քաղաքական կողմնորոշման՝ դա բացառապես պրոհայկականությունն է»:

Մենք երբեք չենք խոսել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին՝ այսպես պատասխանեց  Նիկոլ Փաշինյանն այն  հարցին, թե արդյոք շարունակում է կողմ լինել, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից:

«Իրականում ներկայումս իրավիճակը հետևյալն է. նման կազմակերպություններից դուրս գալը կարող է իրականացվել միայն հանրաքվեի միջոցով, բայց ես արդեն ասացի, որ մենք չենք պատրաստվում որևէ կտրուկ աշխարհաքաղաքական շարժում կատարել: Մենք պատրաստվում ենք անել այն, ինչ համապատասխան է ՀՀ շահերին: Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների ժամանակը չէ»,- ասաց նա:

Նույն շարքից