գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ի՞նչ է կատարվում հրապարակում և Հայաստանում․ Օրվա ամփոփում

Ապրիլի 25-ի առավոտը սկսվեց նրանով, որ լուրեր տարածվեցին այն մասին, թե  Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են, քննարկել երկրում տիրող իրավիճակը և պայմանավորվածություն ձեռք բերել։ Մասնավորապես  «Ժամանակ» թերթը գրել էր, որ  «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է, որ պետք է  կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Նշվել էր նաև, որ հնարավոր է, որ Փաշինյանը, որպես պատասխան ժեստ, իր ժամանակավոր կառավարության կազմում ընդգրկի «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին»:

Այնուհետև նույն «Ժամանակ» թերթը գրեց այն մասին, որ լուրջ խմորումներ են սկսվել ՀՀԿ խմբակցությունում: Խմբակցության պատգամավորների մի մասը հակված է պաշտպանելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, քանի որ համարում են, որ Կարեն Կարապետյանի վարչապետության դեպքում Հայաստանը վերջնականապես կկորցնի իր ինքնուրույնությունը և կվերածվի ռուսական գավառի:

Առավոտյան ժամը 11-ին սկսվեց երթը, փողոցները փակելու, դասադուլների և գործադուլների գործընթացը, և Նիկոլ Փաշինյանը շարունակեց պայքարը։

Սրան հաջորդեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Կարեն Կարապետյանի ասուլիսը, որի ժամանակ նրա հիմնական ասելիքն այն էր, որ, եթե  լուծում չգտնվի, ապա պրոբլեմներ կունենանք, դա անդրադառնալու է բոլորիս վրա՝ աշխատավարձ, թոշակ, զորակոչ, ներդրումներ, զբոսաշրջիկ: Նա նաև խոսեց բանակցությունների սպասող ներդրողների մասին, ինչպես նաև հայտնեց, որ խնդրել է ՀՀ նախագահին հատուկ հարթակ ստեղծի, որտեղ հնարավոր կլինի քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։ Փաշինյանի հետ հանդիպելու մասով էլ ասաց, որ այդ հանդիպումն ուղղակի հեռանկար չուներ։

Ուշագրավն այն էր, որ հանդիպման չեղարկման մասին Կարեն Կարապետյանի կողմից տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Փաշինյանի կողմից առաջարկվել է ՀՀԿ-ի  կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ:

Կարապետյանի այս հայտարարությունից արդեն պարզ դարձավ, որ ինչ-որ մի պահից սկսած Նիկոլ Փաշինյանն արդեն իրեն դե ֆակտո համարում է երկրի ղեկավար և առաջարկում բանակցել զուտ իր պայմաններով և սա այն դեպքում, երբ նախապես բանակցությունների մասով, փաստորեն, ձեռք բերված պայմանավորվածություն է եղել, քանի որ Կարապետյանը նշել էր, որ նոր պահանջներ է առաջադրել։ Փաշինյանի կողմից նոր պահանջների առաջադրումը կարող էր պայմանավորված լինել այն հանգամանքով, որ վերջինիս էր միացել Ծառուկյան դաշինքը, իսկ ՀՅԴ-ն էլ ավելի ուշ դուրս եկավ կոալիցիային, ինչի մասին, բնական է, Փաշինյանը չէր կարող մինչև ՀՅԴ կողմից հայտարարություն տարածելը տեղյակ չլինել։ Այս իրավիճակում, երբ Փաշինյանը հասկացավ, որ ունի հնարավորություն, լինելով ԵԼՔ-ի թեկնածուն, ԱԺ-ում մեծամասնության ձայները ստանալ, արդեն սկսեց հաղթողի դիրքերից պահանջներ առաջադրել։ Փաստացի, նման զարգացումների դեպքում, եթե Ծառուկյան դաշինքը, ԵԼՔ-ը և ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկեին, ապա ամենևին դժվար չէր լինի ՀՀԿ-ում մի քանի պատգամավորի ձայն վերցնելը՝ հաշվի առնելով վերջին օրերին մի շարք ՀՀԿ-ական պատգամավորների կեցվածքն ու հայտարարությունները։

Այս պահից սկսած սկսվեց քաղաքական առևտուրը, ինչը երևաց նաև այսօր հանրահավաքի մասնակիցներից, քանի որ, ըստ լուրերի, մասնակցում էին արդեն օլիգարխներին պատկանող կազմակերպությունների աշխատակիցները, թիկնապահները և մտերիմ շրջանակի մարդիկ։ Ժողովրդավարական, ազատ, անկախ և օլիգարխիկ համակարգից զերծ  երկիր կառուցելու ցանկություններ ունեցող ՀՀ քաղաքացիների կողքին հայտնվեցին մարդիկ, ովքեր փորձում էին  լուծել  զուտ որևէ օլիգարխի անձնական հարցը։ Օլիգարխների համար մեծ հաշվով տարբերույթուն չկա, թե ով կլինի իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը, Կարեն Կարապետյանը, թե ինչ-որ պայմանական Պողոս Պողոսյան, իրենց հետաքրքրում է բիզնեսի պահպանումն ու բարգավաճումը։ Փաշինյանից նրանք արդեն ստացել էին հրապարակային երաշխիք, որ հարստահարում չի լինելու, վենդետա չի լինելու, այսինքն ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կար։ Կարապետյանից երաշխիք ստանալը մի փոքր ավելի բարդ է, քանի որ այնտեղ կա ռուսական բիզնես էլիտայի ազդեցությունը, որը գուցե ցանկանա գործընթացներից դուրս մղել հայկական օլիգարխիկ կլանին։ Ի վերջո, Փաշինյանին ռեսուրսներ են պետք, իսկ Կարեն Կարապետյանը ֆինանսական ռեսուրսների կարիք չունի, ուստի օլիգարխների համար շատ ավելի հեշտ է լեզու գտնել Փաշինյանի հետ, քան Կարապետյանի։

Փաշինյանի ինքնավստահությունն էլ ավելի աճեց, երբ ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի ղեկավարությամբ,  հայտարարություն տարածեց և հորդորեց մարդկանց դուրս գալ փողոց, Ծառուկյան դաշինքի պատգամավորներն էլ սկսեցին հանրապետության հրապարակում քարոզարշավ անցկացնել՝ նույնիսկ այն պատգամավորները, ովքեր ընտրել էին Սերժ Սարգսյանին։ Նույնիսկ Հրաչ Ռոստոմյանը հրաժարական տվեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից՝ հայտարարելով, որ որպես ԲՀԿ համակիր՝ պաշտպանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչը և անձամբ դուրս է գալիս փողոց։ Այստեղ պետք է նկատել, որ ՀՀԿ-ի բացթողումներից մեկն էլ գուցե  այն էր, որ ԲՀԿ համակիրին տեղ էր տրված գործադիր իշխանության կազմում, սակայն դա հիմա այլևս էական չէ։

Այս ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները:

Մինչ  ՀՀԿ-ական ադեկվատ մնացած հատվածը փորձում էր իրավիճակը լուծելու ուղիներ գտնել, մանր ու մոռացված կուսակցություններն իրենց շահն էին փնտրում հրապարակում՝ Օրինաց երկիր կուսակցությունը հայտարարեց, որ  արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը և ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը, որպես հանգուցալուծում առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,  կոչ  է անում այսօրվա իշխանություններին` հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները , ցուցաբերել խոհեմություն և ընդառաջ գնալ համաժողովրդական շարժման առաջարկներին և շուտափույթ հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին ` հանուն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության: Բնական է, որ արտահերթ խորհրդարանական  ընտրությունները միայն ձեռնտու են ԱԺ-ից դուրս մնացած ՕԵԿ-ին, որը նորից ԱԺ մտնելու գոնե հնարավորություն կունենա։

Ավելի ուշ մամուլում հայտնվեցին լուրեր,որ ՀՀԿ-ում քննարկվում է Սերժ Սարգսյանին ՀՀԿ ղեկավարի պաշտոնից ազատելու հարցը, որը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հաստատեց։ Փաստացի, գուցե հենց Սերժ Սարգսյանի քաղաքականությունից հեռանալու մասին մտորումները ստիպեցին մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներին և անդամներին մտածել ոչ թե կուսակցական, այլ անձնական շահերի մասին։ Ստեղծվելու էր մի իրավիճակ, որ իրենք պետք է ընտրեն Կարեն Կարապետյանի կամ Նիկոլ Փաշինյանի հետ դաշինք կազմելու միջև, հաշվի առնելով այն, որ դեռ պարզ չէ, թե ամեն ինչ ինչպես կզարգանա, նրանք սկսեցին անել այնպիսի հայտարարություններ և կոչեր, որ հետագայում, եթե անհրաժեշտություն առաջանա, կարող են թե ՀՀԿ-ի առջև արդարացնել իրենց մտքերը, թե Նիկոլ Փաշինյանի մոտ, այսպես ասած, կանաչ քարտ ունենալ՝ ամենայն հվանականությամբ, վերջինիս  որոշակի ռեսուրսներ տրամադրելու դիմաց։

Ավելի ուշ իրադարձությունները հետաքրքիր զարգացումներ ունեցան՝ նախ Փաշինյանը հայտարարեց, որ պայքարին միացել են ոստիկաններ, բայց ավելի ուշ պարզվեց, որ չկա նման բան։ Ի՞նչն էր ստիպել Փաշինյանին նման հայտարարություն անել, անհայտ է, մինչև հիմա պարզ չէ նաև, թե ինչն էր ստիպել պայքարի առաջնորդներին Ռոբերտ Աբաջյանի պապիկ ներկայացած ինքնակոչին ելույթի խոսք տալ, նախկին ոստիկանին ոստիկանի համազգեստով ներկայացնել որպես ներկա ոստիկան, բայց մի բան հստակ ուրվագծվում էր արդեն, որ, կարծես թե, կա անկեղծության պակաս այն մարդկանց առջև, ում շնորհիվ Փաշինյանը փաստացի ազատվեց բանտարկությունից։ Վերջիվերջո, չպետք է մոռանալ, որ հենց ՀՀ քաղաքացիներն են Փաշինյանին ազատել բանտարկությունից, հաղթանակն էլ ՀՀ քաղաքացիներինն է  և հենց նրանց է նա պարտական ու նրանց առջև է պատասխանատու իր յուրաքանչյուր գործողության համար։

Հրապարակում պայքար տվող օլիգարխների, դրսի ու ներսի ուժերի շահերի կռիվների, թեժացած իրավիճակի ֆոնին տարածվեց մի լուր, որ իբր Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել։ Լուրը տարածվեց հենց ԵԼՔ խմբակցության անդամների կողմից, սակայն որոշ ժամանակ անց  պաշտոնապես հերքվեց վարչապետի պաշտոնակատարի կողմից։

Մեկ այլ ապատեղեկատվություն էլ տարածվեց վաչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի պաշտոնական կայքի կողմից, երբ հրապարակվեց, որ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, վերջինս անցկացվող հանրահավաքները բնութագրում է՝ որպես օրենքի խախտում և հորդորում, որ վերականգնվի հասարակական կարգը, ինչն ընկալվեց մարդկանց կողմից այնպես, որ ԱՄՆ-ն ուժ կիրառելու թույլտվություն է տվել։ Սակայն, ավելի ուշ դեսպանատունը հաղորդագրություն տարածեց, որ սխալ թարգմանության արդյունք է եղել և բոլորովին այլ բովանդակությամբ նյութ տեղադրվեց Կարեն Կարապետյանի կայքում՝ նշելով, որ դեսպան Միլսը կարևորում է երկխոսության միջոցով իրավիճակի լուծումը։

Կարեն Կարապետյանը հանդիպեց նաև Պյոտր Սվիտալսկիի հետ, ավելի շուտ հանդիպել էր նաև ԵՄ դեսպանների հետ։ Հնչեցվել էին նույնաբովանդակ մտքեր՝ երկխոսության, բանակցություն։ ՌԴ-ի կողմից էլ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հերթական անգամ անդրադարձել Հայաստանում տիրող իրավիճակին՝ նշելով, որ դա ՀՀ ներքին հարցն է։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես հանդիպել էր ԵՄ դեսպանների հետ, ՌԴ դեսպանի հետ։ ՌԴ դեսպանատունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ռուսական կողմն ընդդիմադիր ցույցերի և երթերի կազմակերպիչներին գործող իշխանությունների հետ կառուցողական երկխոսության կոչ է անում։ Ընդգծել էին, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրական դաշտի և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների շահերի շրջանակներում: Նաև երկրի կյանքի նորմալ, հանգիստ ընթացքին արագ վերադարձի հույս էին հայտնել։

Նշենք, որ ի տարբերություն Փաշինյանի, Կարեն Կարապետյանը ՌԴ դեսպանի հետ չի հանդիպել։  Փոխարենը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Խոսակցությունից հայտնի դարձավ միայն այն, որ երկուստեք նշվել է, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում:

Այս իրադարձություններից հետո մեկնարկեց երեկոյան նախատեսված հանրահավաքը։ Արդեն երեկոյան պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում սատարել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, քանի որ Իվետա Տոնոյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ այդ թեմայով դեռ քննարկում չեն ունեցել, պետք է լինեն քննարկումներ եզրահանգումներ, որից հետո միայն վերջնական դիրքորոշում կունենան։ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ շարժմանը միանալը դեռ չի նշանակում, որ իրենք անվերապահորեն աջակցելու են Փաշինյանին: «Մենք ժողովրդի հետ ենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Եվ մեր պատգամավորական ձայները, որոնք մեզ տվել է ժողովուրդը, չենք պատրաստվում տալ ոչ մեկին»։ Այս հայտարարություններից հետո պարզ էր դառնում, որ առավոտյան վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հաղթողի դիրքերից խոսելը  գուցե շտապողականություն էր Փաշինյանի կողմից, քանի որ քաղաքական առևտուրը դեռ չէր ավարտվել։

Գուցե սրանով էր պայմանավորված այն, որ Նիկոլ Փաշինյանն արդեն այս հանրահավաքում բավական ագրեսիվ ելույթ ունեցավ, քանի որ, կարծես թե առաջանում է մի իրավիճակ, երբ ԱԺ-ում Ծառուկյան դաշինքը՝ որպես վարչապետի թեկնածու իրեն չի աջակցելու, ուստի միակ հույսը մնում է ՀՀԿ-ն։

Այս ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարությամբ հանդես եկավ, որում հորդորում էր սթափվել՝ մասնավորապես նշելով․

Բոլորիս սխալների պատճառով հասել ենք այն աստիճանին, որ կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը:
Նման բան թույլ տալ չի կարելի:
Ուստի դիմում եմ բոլորին:
Սթափվեք, տղե´րք:

Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք: Հիշեք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին:
Հիշեք նաև, որ առանց ոստիկանության չկա´ պետություն, որ ոստիկանը պետության ամրության զինվորն է, խաղաղության զինվորը, բարության զինվորը, ոչ թե ռետինե մահակի ու բռնության: Բայց և համոզված եղեք, որ խաղաղությունն ու բարությունը ոչ թե թուլության, այլ իրական ուժի նշան են:

Հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը՝ տալով դրան քաղաքական  երանգ և նշելով, որ դա նշանակում է, որ Գասպարյանը հրաժարվում է կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրաման, ինչին ավելի ուշ արձագանքեց ոստիկանությունը՝ պարզաբանում տալով , որ ոստիկանապետի խոսքը քաղաքական չէր, և Փաշինյանի կողմից յուրովի է մեկնաբանվել։

Տարածվեց նաև Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որտեղ նա ասում էր, որ Ստիպված է  մեկ անգամ ևս հրապարակավ հանդես գալ և որքան էլ իր հրաժարականից հետո տրամադրվել էր չմիջամտել քաղաքական գործընթացներին,  համարում է, որ պարտավոր է անել դա: Նա հայտարարեց, որ հանդիպելու է ՀՀԿ անդամներին հանդիպման, որպեսզի հանգամանալից բացատրի իր հրաժարականի պատճառները, դիտարկումներ ներկայացնի կուսակցության ապագայի, տարբերվող դերակատարմամբ խորհրդարանի և մի շարք այլ հարցերի մասին։

Ավելի ուշ արդեն հայտնի դարձավ, որ հանդիպումը կայացել է, նշվեց, որ հանդիպման առաջին մասին ներկա է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և խոսել Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ։

Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկել են ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կուսակցության ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:

Ապրիլի 25-ը կարելի է ասել եզրափակվեց ներքաղաքական այս լուրով։

Հետաքրքիր է նաև, թե այսօր առավոտյան Կարեն Կարապետյանը կգնա աշխատանքի, թե ոչ, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասաց, ավելի շուտ սպառնաց, որ առավոտվանից սկսած վարչապետի պաշտոնակատարն այլևս ոտք չդնի կառավարական որևէ շենք։ Ստացվում է, որ եթե Կարապետյանն այսօր գնա աշխատանքի, ապա նա չի հանձնվելու։

Թե ինչով կավարտվի այս ամենը դեռ պարզ չէ, սակայն մի բան հստակ է, որ հրապարակում գտնվող և փաստացի հաղթած քաղաքացիները, ովքեր գնացել են ցույցերին, օրնիբուն պայքարելով ժողովրդավարական և ավելի լավ երկիր ունենալու համար, պետք է ոչ մի կերպ թույլ չտան, որպեսզի օգտագործվեն քաղաքական առևտրում՝ դառնալով գործիք, իսկ դրա հավանակությունը մեծ է։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, նույնպես նախատեսված է հանրահավաք։

«Անալիտիկ» վերլուծական թիմ

  • 161
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 3
  •  
  •  
    164
    Shares

Related Articles