Իրավական 

Երեկ մի խումբ կալանավորներ փորձել են փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

analitik.am

2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները: Դրանից հետո, նշված խցերում գտնված՝ կալանավորված այլ անձանց հետ փորձել են դուրս գալ մասնաշենքից և կալանավորվածներին պահելու վայրից դիմել փախուստի, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նրանց գործողությունները կանխվել են քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանիք այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

ՀՀ դատախազությունն արձանագրում է, որ հանրապետությունում ձևավորված լարված իրավիճակը նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցածին իրավիճակի, հատկապես հանցավոր հակումներ ունեցող անձանց ակտիվացման համար՝ էապես վտանգելով հասարակական անվտանգությունը՝ իր ազդեցությունն ունենալով հանցավորության դեմ պայքարի արդյունավետության վրա:

Հավատարիմ լինելով իր գործունեության ապաքաղաքականացվածությանը՝ ՀՀ դատախազությունը շարունակում է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության, ինչպես նաև մյուս սահմանադրական գործառույթների շրջանակներում ապահովել մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, հասարակական անվտանգության ապահովման հանրային շահի  պաշտպանությունը:

Ստեղծված իրավիճակի ուղղակի կամ անուղղակի օգտագործմամբ հանցավոր նպատակներ հետապնդող բոլոր անձանց զգուշացնում ենք, որ գործադրվելու են քրեաիրավական անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ինչպես հանցագործությունների կանխման, այնպես էլ քրեական պատասխանատվության անխուսափելիության անշեղ ապահովման համար:

 

 

Նույն շարքից