Հասարակություն 

Երևանի և Լիոնի միջև համագործակցությունը կընդլայնվի. բացվել է Երևան-Լիոն կանոնավոր ուղիղ չվերթ

Երևանի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջև ձևավորված համագործակցության զարգացման նոր հեռանկարներ է ընձեռում ապրիլի 19-ից պաշտոնապես գործարկված Երևան-Լիոն-Երևան կանոնավոր ուղիղ չվերթը: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առաջին ուղևորներին հանդիսավորությամբ դիմավորել են Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության   և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ընդգծելով Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային կապերը՝ Դավիթ Գևորգյանը հատկանշել է, որ այս տարի լրանում է երկու քաղաքների համագործակցության 26 տարին, իսկ այս չվերթները կնպաստեն երկկողմ կապերի խորացմանը:
«Մարտին Լիոնի քաղաքապետի Երևան այցի ժամանակ երկու քաղաքապետերը, կարևորելով երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը, ստորագրեցին համագործակցության հուշագիր: Լիոնը մեզ համար կարևոր գործընկեր է, և նոր չվերթի գործարկումը մեծ հնարավորություն է ընձեռելու համագործակցության և մասնավորապես զբոսաշրջության զարգացման առումով»,- նշել է Դավիթ Գևորգյանը:
Ուղևորափոխադրումն իրականացնելու է «Արմենիա» ավիաընկերությունը: Չվերթները կլինեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերն իր հերթին նկատել է, որ Ֆրանսիան ողջունում է կանոնավոր չվերթի մեկնարկը:

«Չվերթի բացումը, անշուշտ, ավելի կսերտացնի Հայաստան-Ֆրանսիա կապերը, հատկապես հաշվի առնելով, որ 2018 թվականը իրադարձային է Երևանի համար: Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի համաշխարհային հնչեղություն ունեցող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը»,-նշել է Ֆլեշերը:
Չվերթի ուղևորները, որոնց թվում ազգությամբ հայեր և ֆրանսիացիներ են եղել, նկատել են, որ Երևանն իրենց համար բացահայտումներով լի ուղղություն է, որը հնարավորություն կտա ծանոթանալու 2800-ամյա մայրաքաղաքին: Միաժամանակ ակնհայտ է ուղիղ չվերթը ավելի գրավիչ է ուղևորների տեսակետից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

  • 62
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    63
    Shares

Related Articles