Առողջապահություն 

Պատվաստումները կարևոր են որպես անհատի իրավունք և հանրության նկատմամբ սոցիալական պատասխանատվություն

analitik.am

Եվրոպական տարածաշրջանում 2005 թվականից ի վեր ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման Եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության և կանխարգելիչ նշանակության մասին, ինչը բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու ամենաարդյունավետ միջոցներից է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Այս տարի նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 23-ին և կշարունակվի մինչև ապրիլի 29-ը: 2018 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության նպատակը պատվաստումների կարևորումն է՝ որպես անհատի իրավունք և հանրության նկատմամբ սոցիալական պատասխանատվություն:

Յուրաքանչյուր տարի Իմունականխարգելման եվրոպական շաբաթը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս ընդգծել հանրային առողջապահության ոլորտում պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը: Այս նախաձեռնության նպատակը բնակչության շրջանում պատվաստումների պահանջարկի բարձրացումն է, ինչպես նաև իմունականխարգելման աջակցության ապահովումը:

Այսօր Հայաստանում պատվաստումներ են իրականացվում 18 վարակիչ հիվանդության դեմ` 15 պատվաստանյութով, ունենք բավականին դրական ցուցանիշներ:

Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը. 2002-ից մեր երկիրը հռչակվել է պոլիոմիելիտից ազատ գոտի և առ այսօր պահպանում է այս կարգավիճակը: Պատվաստումների շնորհիվ դիֆթերիայի առումով համաճարակային իրավիճակը կայունացել է և վերջին 18 տարվա ընթացքում դեպքեր չեն արձանագրվել:

Սակայն այս նվաճումները հանրությանը կարծես թե հանգստացրին։ Ձևավորեց թյուր կարծիք, թե արդեն հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ այլևս պատվաստումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Միաժամանակ, վերջին ժամանակահատվածում հանրապետությունում տարբեր ասեկոսեների և ապատեղակատվության տարածման արդյունքում հակապատվաստումային քարոզը լուրջ ակտիվություն դրսևորեց և հանգեցրեց բնակչության շրջանում անվստահության մթնոլորտի ձևավորմանը: Նման միտումները վտանգավոր են, քանի որ այդ պարագայում կարող են առաջանալ դեռևս մահացու համարվող վարակիչ այդ հիվանդությունների բռնկումներ։ Վերջինիս վառ օրինակներից է այս տարվա հունվար-մարտին կապույտ հազի հիվանդացության ակտիվացումը, ինչպես նաև կարմրուկի բերովի դեպքերի գրանցումը:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ պատվաստումները վարակիչ հիվանդությունները կանխարգելելու միակ արդյունավետ և անվտանգ միջոցն են:

Նույն շարքից