Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը վաղը կտեղափոխվի Երուսաղեմ. Ի՞նչ վտանգներ կան. Միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը

analitik.am

Ինչպես գիտենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Իսրայելում ԱՄՆ  դեսպանատունը  Թել-Ավիվից տեղափոխվում է Երուսաղեմ: Թրամփի այս որոշմանն են անդրադարձել միջազգային ԶԼՄ-ները:

FAZ-ը գրում է, որ դա բավականին ռիսկային որոշում է, ինչի արդյունքում լավագույն դեպքում իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի սրացում կլինի, ուստի  հնարավոր է լրջագույն բախումներ տեղի ունենան:

The Times-ն էլ գրում է, որ այս քայլով ամրապնդվում են Իսրայելի և Թրամփի վարչակազմի հարաբերությունները, սակայն սա լուրջ լարվածությունների առիթ է հանդիսանալու:  Պարբերականի կանխատեսումներով, ամեն ինչ կարող է չսահմանափակվել իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի սրացումով, և ամբողջ տարածաշրջանը գուցե ներքաշվի լարվածության մեջ.«Թրամփի հաշվարկներով, Իրանին հռչակելով Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների ընդհանուր թշնամի, փոխվում են բանակցային պայմանները: Սա իհարկե վատ մեկնարկային կետ չէ, բայց ԱՄՆ ղեկավարության ներքո խաղաղ գործընթացի վերագործարկման  համար պետք է շատ ավելի ուշադիր կառավարում, որը հաշվի կառնի քաղաքականության պատմական մոդելները, որոնք այդքան վճռականորեն խախտում է Թրամփը»:

Frankfurter Allgemeine Zeitung-ն էլ անդրադարձել է այն հարցին, որ ինչքան էլ Իսրայելը տնտեսապես և ռազմական առումով հզոր լինի, այն նաև խոցելի է և պառակտման վտանգի առջև կանգնած. «Այս պետությունն ամեն օր մեզ հիշեցնում է այն մասին, թե ուր կարող է տանել կույր ատելությունը, և ինչքան դժվար է տարբեր կրոնների և ծագմամբ մարդկանց ապրել կողք կողքի: Իսրայելի հաջողության հակառակ կողմում ընկած է պաղեստինցիների արտաքսումը: Վաղը պաղեստինցիները հիշելու են 1948-ին բռնի կերպով իրենց մոտ 700 հազար հայրենակիցների արտաքսումը հրեաների կողմից: Եվ հենց այդ օրն է ընտրել ԱՄՆ-ն Թել-Ավիվից դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու համար: Այս քաղաքական որոշումը առաջացնելու է պաղեստինցիների անզուսպ զայրույթը, քանի որ նրանք էլ իրենց հերթին Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: Տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս գալու փողոց, ուստի լուրջ բախումներն անխուսափելի են: Սպիտակ տանը նստած մարդուն արժեր պատմության դասագիրք նվիրել»:

 

 

Le Figaro-ն գրում է, որ Իսրայելի վարչապետը վերջին ամիսներին հայտնի է նրանով, որ նրան ոստիկանությունը հետապնդում է մի շարք ենթադրյալ կոռուպցիոն գործերի շրջանակներում, սակայն դա չի խանգարում, որ նա հաջողության հասնի:

«Վերջապես  կիրականանի նրա վաղեմի երազանքը՝ ԱՄՆ-ն տոնախմբությամբ Երուսաղեմում դեսպանատուն կբացի: Դոնալդ Թրամփն, ի տարբերություն ԱՄՆ մյուս նախագահի թեկնածուների, իր խոսքը տերը եղավ և տեղափոխեց  դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ:

Նեթանյահուն վերջերս մի ուրիշ հաղթանակ էլ ունեցավ՝ Թրամփը համաձայնեց նրա հետ Իրանի հետ  ունեցած միջուկային համաձայնագրի հետ կապված հարցում  և դուրս եկավ դրանից՝ հայտարարելով Թեհրանի նկատմամբ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների թարմացման մասին:

Իսրայելի վարչապետին հաջողվեց նաև չեզոքացնել Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայում գլխավոր խաղացողին: ՌԴ-ն, որ կարող էր ջղայնանալ Սիրիայում իր դաշնակից  Իրանի նկատմամբ հարձակումներից, ցուցաբերեց բացարձակ զսպվածություն:

Այս ամենին ավելացնենք նաև այն, որ աշխարհի 200 մլն. հեռուստադիտողների առջև Իսրայելը ներկայացնող Նետտա Բարզիլայը հաղթեց Եվրատեսիլում:  Միայն անհայտ է, թե ինչ է լինելու այս ամենի ավարտը: Մինչ այժմ Դոնալդ Թրամփը երես է տալիս Իսրայելին, բայց արդյոք դա այդպես էլ կշարունակվի»:

 

Նույն շարքից