Գլխավոր Իրավական 

Ո՞վ է պատասխան տալու «Հաց բերող»-ի մահվան համար. Էդմոն Մարուքյանը Գլխավոր դատախազին հիշեցրեց Արթուր Սարգսյանի մասին

analitik.am

Այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում դատախազության 2017 թվականի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հիշեցրեց «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մասին՝ նշելով, որ մինչև վերջինիս մահանալը ինքն ու Նիկոլ Փաշինյանը դիմել են դատախազություն  և ասել, որ ամեն ինչ կարող է վատ ավարտ ունենալ, եթե Սարգսյանին ազատ չարձակեն:

Ինչպես հայտնի է, դրանից կարճ ժամանակ անց «Հաց բերող»-ը  մահացավ, իսկ հիմա Մարուքյանը ցանկանում է իմանալ, թե ով է պատասխան տալու Սարգսյանի մահվան համար:

Գլխավոր դատախազն ասաց, որ Արթուր Սարգսյանը չի մահացել կալանքի տակ գտնվելու ժամանակ: Դատախազը նշեց, որ «Հաց բերող»-ը  կոնկրետ հիվանդության համար և բժշկի ցուցումով վիրահատության է ենթարկվել, որից հետո գտնվել է հիվանդանոցում, դրանից հետո դուրս է գրվել և մահացել:

Դավթյանը հավելեց, որ այդ դեպքով քրեական գործ է հարուցված, որը դեռ չի ավարտվել և միայն գործի ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի, ու հայտնի կլինեն մեղավորները:

Մարուքյանը հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանն իր և Փաշինյանի այցից հետո դեռ 20 օր մնացել է կալանքի տակ, ինչը վնասել է վերջինիս առողջությունը: ԵԼՔ պատգամավորի խոսքերով, այն, որ Սարգսյանին վերջին պահին ազատ են արձակել և նա ազատության մեջ է մահացել, չի մեղմացնում պատասխանատուների մեղավորությունը:

Նույն շարքից