Բարի օր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Հեղափոխությունից հետո չափազանց կարևոր է, որ ամեն մի պաշտոն, որը կհանձնվի այս կամ այն երիտասարդին, չդառնա փորձարկման և արկածախնդրության դաշտ

analitik.am

Վերջին օրերին ՀՀ կառավարությունում մեկը մյուսի հետևից նոր նշանակումներ արվեցին։ Հետաքրքիրն այն է, որ նրանցից մի քանիսը  իրենց կյանքի երրորդ տասնամյակում գտնվող երիտասարդներ են և չունեն բավարար չափով աշխատանքային ու մասնագիտական փորձառություն նման պաշտոններ զբաղեցնելու համար։ Սա ունի  թե դրական, թե բացասական կողմեր: Շատ կարևոր է, որ այս կամ այն երիտասարդին հանձնված ոլորտը  չդառնա փորձարկման և արկածախնդրության դաշտ։ Ավելորդ է ասել, որ ստեղծված իրավիճակում նրանցից յուրաքանչյուրի սխալ քայլը չափազանց թանկ կնստի թե մեր հանրության բնականոն կյանքի, թե պետության ընդհանուր վիճակի վրա: Սա էլ իր հերթին նշանակում է, որ բոլորը՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, պետք է օգնեն նորանշանակ նախարարներին, որպեսզի նրանք հաջողեն:

Նոր նշանակումների հետ կապված  հանրության քննադատություններն էլ էին բավականին զուսպ, չնայած որ հիացմունք չկար։ Ակնհայտ է, որ այս երիտասարդները, որ երեկ չէին էլ երազում իրենց կարիերայում նման թռիչքային վերելքի մասին, դեռ երկար ժամանակ իրենց հաջողության վրա զարմացած են լինելու, իսկ հետո, եթե  իրենց անփորձության պատճառով բացթողումներ ունենան, դրանք  բարդելու են իրենց նախորդների վրա. չէ՞ որ արդեն համընդհանուր համոզմունք է, որ ՀՀԿ իշխանության օրոք ոչ մի լավ գործ չի արվել, ոչ մի ձեռքբերում չի եղել։ Մյուս կողմից՝ տրամաբանական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմ է կազմում այն մարդկանցից, ովքեր եղել են իր կողքին, օժանդակել են այն ժամանակ, երբ շատերն անհավանական էին համարում ժողովրդական շարժման հաջող ավարտը։ Սակայն, արդյո՞ք բոլոր այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի կողքին են եղել, բացարձակ անշահախնդիր են իրենց գործողություններում։ Սա կարևոր է, որպեսզի այս դժվարին պահին չլինեն մարդիկ, ովքեր իրենց ամբիցիաներն ավելի կկարևորեն, քան  պետական շահը:

Վերջերս Հ1 հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման հյուր էր  մի երիտասարդ, ով Նիկոլ Փաշինյանի թիմից է և «Ելք» խմբակցությունից՝ Երևանի ավագանու անդամ։ Այս երիտասարդ պաշտոնյայի կյանքն ու գործունեությունը մանրամասն ուսումնասիրելու դեպքում կարելի է բացահայտել բավականին հետաքրքիր փաստեր, որոնք երբեմն հակասում են Նիկոլ Փաշինյանի որդեգրած հակաօլիգարխիկ, ազնիվ, անշահախնդիր մոտեցումներին։ Վերոնշյալ հաղորդման ընթացքում տվյալ երիտասարդը հաստատեց այն փաստը, որ ինքը ցանկություն ունի դառնալ Երևանի քաղաքապետ։ Ի՛նչ խոսք, շատ լավ է, որ նա հավակնոտ ծրագրեր ունի, սակայն  որևէ մեկը հարցրե՞լ է նրան, թե ինքը՝ որպես ավագանու անդամ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, ինչպես կուզեք անվանեք, որևէ բան արե՞լ է Երևան քաղաքի համար։ Վարչապետի թիմից ցանկացածը պետք է գիտակցի, որ այն, ինչ ներելի է վերջինիս, ներելի չի լինի իրենց, քանի որ իրենց կյանքով և գործունեությամբ դեռ շատ պետք է աշխատեն՝ շահելու այն հանրային վստահությունը, որ այս պահին ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երբ հազարավոր մարդիկ Հանրապետության հրապարակում պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանը լինի իրենց վարչապետը, ընդունելի էր Նիկոլ Փաշինյանից լսել, որ ինքը ցանկություն ունի վարչապետ դառնալ։ Մնացած պաշտոնների պարագայում նույն մեխանիզմը չի կարող աշխատել. Այդ մարդիկ մոռանում են, որ չունեն հանրության նման աջակցությունը։  Հետագա բոլոր քայլերի իրականացումը հանրությունը վստահել է բացառապես Նիկոլ Փաշինյանին։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարին, ապա հիշեցնենք, որ այդ պաշտոնն ընտրովի է, ինչպես նաև չկա դժգոհություն այս պահին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանից, ինչի մասին են փաստում թե հարցումները, թե բնակիչների մեկնաբանությունները և վերաբերմունքը:  Ի դեպ, այն ձևակերպումը, թե երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն, ուստի պետք է բոլորը փոխվեն, նույնպես սխալ է, ի վերջո աշխարհում կան բազմաթիվ ժողովրդավարական երկրներ, որտեղ գործադիր իշխանությունը ղեկավարում է մի կուսակցություն, մայրաքաղաքի ավագանին մեկ ուրիշ՝ բոլորովին հակադիր բևեռից և այսպես շարունակ: Իրական ժողովրդավարությունը հենց սա է, այլ ոչ թե մի կուսակցության կողմից մեկ այլ կուսակցությանն  իշխանության տոտալ փոխանցումը:

Նույն շարքից