Բարի օր Հասարակություն Հարցազրույց Հոգեբանի անկյուն 

Հեղափոխությունից հետո առաջացող հիասթափության, էյֆորիայի, ատելության մթնոլորտի և այլ հոգեբանական վիճակները մեկնաբանում է հոգեվերլուծող Արմինե Գմյուռ-Կարապետյանը

analitik.am

Analitik.am -ի զրուցակիցն է   հոգեբան-հոգեվերլուծող Արմինե Գմյուռ-Կարապետյանը:

Տիկին Գմյուռ, Հայաստանում քաղաքական և հասարակական ոլորտներում հոգեբանությունն ի՞նչ տեղ ունի։

Բավականին անլուրջ տեղ ունի՝ այսինքն, փոքր տեղ է զբաղեցնում, չմոռանանք, որ հոգեբանությունն այնպիսի զարգացման ճանապարհ է անցել Հայաստանում, որ  որպես գիտություն թե՛ տեսական և թե՛ պրակտիկ մասերով շատ հետ է մնացել այն հոգեբանությունից, որ կա Արևմուտքում։ Այդ նույն պարագայում, երբ Արևմուտքում  քաղաքական գործիչների հոգեկան առողջությունը կարևոր է, մեր մոտ այն նոր-նոր փորձում ենք փոխել։ Հիմա մեծ տեղ է զբաղեցնում այն հոգեբանությունը, որը կոչվում է պոպուլար՝ այսինքն մասայական։ Հայաստանում այն հոգեբանությունը, որը պետք է օգնի և նպաստի ազգաբնակչության հոգեկան առողջությանը փորձում է ոտքի վրա կանգնել: Հասարակական՝ հատկապես քաղաքական ոլորտներում, միգուցե կան անհատներ, ովքեր լուրջ են վերաբերվում հոգեկան խնդիրներին, իսկ նրանք հիմնականում բազմակողմանի  զարգացած մարդիկ են: Բայց ընդհանուր առմամբ, տպավորությունս այն է, որ հոգեբանությանը Հայաստանում քիչ տեղ է հատկացված կամ փոքր տեղ, նույնիսկ աննշան։

Խոսենք վերջին իրադարձությունների մասին, պետք է նշել, որ ներքաղաքական տեսանկյունից «թավշյա հեղափոխության հաջողության հիմքում ընկած էին կարևոր դրդապատճառներ։ Ձեր կարծիքով որո՞նք էին հիմնական դրդապատճառները, որոնք առիթ հանդիսացան մարդկանց փողոց դուրս գալուն։

Կարող եմ ասել, որ առաջին հերթին անարդարությունը, մեծ մասշտաբների հասնող, մեծ չափերի հասնող սոցիալական անարդարությունը։ Եվ այդ անարդարության մեջ տարբեր հարթություններում և տարբեր ոլորտներում կար բարոյալքություն և էթիկայի ոտնահարում։ Իշխող վերնախավը՝ կլինի կուսակցական թե կառավարական, չէր կանխատեսում՝ այսինքն տպավորությունս այնպիսին էր, որ չէին կանխատեսել, որ այսպիսի բան կլինի, անսպասելի էր։ Սակայն, այս ամենը միանգամայն կանխատեսելի երևույթ էր։ Անարդարության մասով ուզում են նշել նաև, որ ընդհանրապես օրենքի ընկալումը հայի համար, այս վերջին  20-25 տարիների անկախ Հայասատանի քաղաքացու համար, արգելքի սահմանափակման ընդունել-չընդունելը՝ սկսած երեխայի դաստիարակությունից մինչև չափահաս մարդկանց գործունեությունը, շատ խաթարված է, շատ աղճատված և, փաստորեն, ջանք չեն գործադրել կամ չէին գործադրում ավելի փոխելու  օրենքի նման  ընկալումը։ Օրենք նշանակում է չի կարելի, եթե մենք անցնենք իրավագիտական ու իրավաբանական սահմանումներին, բայց բավարար չէ իմանալ այն, թե ինչ է օրենքը:  Գոյություն ունի օրենքի բարոյական սահմանում և  հենց դրա հետ մենք ունեինք մեծ խնդիր։ Հասարակությունը կիսված էր հանրապետականի և ոչ հանրապետականի, կամ թիկունք ունեցողի և թիկունք չունեցողի, և դա էլ իր հերթին թողնելով մի կողմ, կարծում եմ՝ ամենամեծ խնդիրներից  մեկը հոգեբանական առումով այն էր, որ կային ոճիրներ և չկային պատիժներ։ Ցանկացած ոճիր ենթադրում է տրամաբանորեն և հատկապես արժեքային և բարոյական սկզբունքներից ելնելով՝ պատիժ։ Սա սարսափելի բարոյալքություն էր հասարակության համար։

Այս հեղափոխությունն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր, և գաղտնիք չէ, որ այս իրադարձություններին բուռն արձագանքեցին նաև սփյուռքահայերը։ Ըստ Ձեզ, արդյո՞ք այս հեղափոխությունը լուրջ հոգեբանական ազդեցություն ունեցավ տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների վրա և կարո՞ղ է այն ներգաղթի առիթ  հանդիսանալ։

Անշուշտ ունեցավ ․․․ Ես կասեմ, որ այս հեղափոխությունն ինձ համար ռենեսանս էր, սա մի հայկական ռենեսանս էր։ Իմ ուսանողների կամ շրջապատի մակարդակի դիտարկումներս ցույց տվեցին, որ առանձնահատուկ ձևով ոգևորված էր սփյուռքը։ Միջին տարիներին արտագաղթածների մոտ ևս կար ոգևորություն, բայց ասել, որ պետք է մասայական ներգաղթ լինի՝ ես վարանում եմ, որովհետև այդ մասով չպետք է շտապել, ուրիշ բան, որ լինեն առանձին դեպքեր, առանձին ընտանիքներ, հուզական դրսևորումներ ունենալով, խոսքից  դեպի գործողության անցնեն և գան Հայաստան, այդպիսի նախադեպեր կլինեն, եթե արդեն չկան։ Սփյուռքի համար սա կարևոր նշանակություն ունեցավ, որովհետև մեր վարկանիշը բարձրացավ։ Հիմա սփյուռքը՝ հայրենազրկության տառապանքով ապրող ժողովուրդը, շատ լուրջ հայացքով կնայի մեզ, որովհետև արժանապատիվ ժողովուրդը համաձայն չէ, որ լինեն ոճիրներ և չլինեն պատիժներ։ Սրանք մտածողության մեջ կարևոր փոփոխություններ կառաջացնեն։

Իհարկե քիչ, սակայն այս օրերին հաճախ հնչեց նաև  այն միտքը, որ սա ավելի շատ նման էր տոնախմբության, ոչ թե հեղափոխության, որ մարդիկ, ինչ-որ էյֆորիկ հոգեվիճակներում լինելով, չէին գիտակցում հեղափոխություն ասվածի ողջ իմաստն ու կարևորությունը։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

Նախ՝  հեղափոխությունը որդեգրել էր բաց ձեռքերի կարգախոս՝  այսինքն գործողություններն ունեին ոչ բռնի բնույթ՝ փողոց փակել, քայլել, բացականչություններ անել, ձեռքերը բարձրացնել, հետո դրանց միացան ծափահարություններ և այլն։ Հոգեբանորեն կար միտք և բնականաբար պետք է լիներ գործողություն և այդ գործողությունն այն էր, որ ծափահարում էին, պարում էին, տոնախմբություն էին անում և այլն։ Եթե կա միտք, բայց այդ մտքին չի հաջորդում գործողություն դա շատ վնասող է, դա տանում է պաթոլոգիայի՝ այսինքն կար միտք և պետք է ինչ-որ գործողություն լիներ։ Այդ գործողությունների մեջ չկային կոտրել, ջարդել, սպանել, ավերել, ինչպես սովորաբար եղել է դարեր շարունակ սովորական հեղափոխություններին։ Սակայն ժամանակները փոխվել են։

Մեծ թվով մարդիկ էին փողոցում, մեծ թվով մարդկանց գլխում միտք կար, և այդ մեծ թվով միտքը վերածվեց գործողության, ինչ-որ չափով նաև էյֆորիայի, հոգեբանորեն պատճառներից մեկն էլ հենց սա է, երբ հոգեբանության մեջ տեղի է ունենում մտքից անցում դեպի գործողություն։ Մյուս պատճառը կապված էր, թե ինչքան շատ էին երիտասարդները և դեռահասները, որովհետև հասուն մարդու մոտ կարող է լինել միտք, բայց չտանի դեպի գործողության, իսկ դեռահասների մոտ գործողություն պետք է լիներ։ Փառք Աստծո, որ այդ գործողությունները պարն էր, ծափերն էին և այլն։ Սա հոգեբանորեն միանգամայն բացատրելի է։ Եվ հետո առաջնորդը հստակ ասել էր, որ սա բռնի չի լինելու, որ սա «թավշյա հեղափոխություն է՝  բաց ձեռքերի, որ մենք փոփոխություն ենք ուզում առանց բռնության։ Իսկ առաջնորդի կողքին հավաքված հոծ բազմությունը սիրով հետևում էր այդ հորդորներին, սակայն հոգեկանի հետ ոչինչ չես կարող անել, և անցումը կատարվում էր ու փառք Աստծո դրական առումով։

Սեփական համոզմունքների մեջ վստահ մարդիկ ասում են, որ ուզում են ունենալ արդար հասարակություն և «ազգի դավաճան», «թուրք»  ու  «ՀՀԿ-ական» են կոչում նրանց, ովքեր, մեղմ ասած, համակարծիք չեն իրենց հետ։ Սա ի՞նչ է՝ անհանդուժողականություն, թե՞ ամուր համախմբվածություն ստեղծելու միտում։

Անշուշտ,  սա հանդուրժողականություն չէր՝  այսինքն, ով ինձ հետ հեղափոխություն չի անում, ուրեմն իմ դեմ է։ Իմիջիայլոց,  առաջնորդի և համակիրների մոտ այնքան վառ արտահայտված չէր, որքան ժողովրդի, մենք գործ ունեինք հոգնած ու զայրացած ժողովրդի հետ և իհարկե շատ ծանր վիրավորանքներ հնչեցին, սակայն բոլոր այդ վիրավորանքներն ինչ-որ մասով հավասարազոր էին նույն այն վիրավորանքներին, որոնք հաճախ ժողովուրդը ստանում էր։ Եղել են շատ սուր, իրոք չմտածված նախադեպեր, իհարկե ցանկալի չէ ՀՀԿ-ական պիտակով առանձնացնել մարդկանց, դա բոլորովին մարդասիրական չէ, դա ընդունելի չէ մեր փոքր ազգի համար։ Սակայն, սա սկիզբն է հեղափոխության, այն արվել է և ինչ-որ ժամանակ այդ սուր երևույթները կլինեն, որոնք հետո մարելու են:

Այդ օրերին մի լավ բան տեղի ունեցավ, որ առաջնորդը, որ այսօր մեր վարչապետն է, շատ արագ փոփոխություններ էր ընդունում և կարողանում կառավարել ու նվազեցնել ՀՀԿ-ականներին պիտակավորելու դրսևորումները, բայց, իհարկե, լիարժեք զսպել հնարավոր չէր։ Ժողովուրդը սարսափելի բարձր ակնկալիքներով էր, և այդ բարձր ակնկալիքների պատճառներից մեկն էլ հենց այդ ունեցած ագրեսիան էր անցյալի հանդեպ։

Խոսեցինք հասարակ քաղաքացիներին հասցված վիրավորանքների մասին և հարկ է նշել, որ այս օրերին լուրջ քննադատության են ենթարկվել նաև մի շարք հայ մտավորականններ, ովքեր սոցցանցերում իրենց գրառումներով դժգոհության և հաշվեհարդարի մեծ ալիք բարձրացրեցին։ Թվում է՝ այս իրավիճակը չի ճանաչում ոչ մի սահման, ի՞նչ  կասեք այս մասին:

Հեղափոխությունը չի խնայում որևէ մեկին, զայրացած զանգվածը, զայրացած մարդիկ չեն զատում որևէ մեկին, որքան էլ այն բռնի չէր, տեսեք,  թե ովքեր էին հիմնականում մասնակցում շարժմանը՝  երիտասարդներ, հասուն մարդիկ, շատ ուսյալ մարդիկ, բավականին լավ ապրող մարդիկ, ովքեր աղքատության մեջ չէին և նաև կար զանգված, որ իսկապես աղքատ էր, շատ տարբեր էին։ Հարկ է նշել, որ գործողության առումով սպանություններ չունեցանք, չկոտրեցինք, չջարդեցինք, բայց մի տեղից այդ ամբողջ կուտակած էներգիան դուրս պետք է գար և այդ ընթացքում սկսեցին հայհոյախոսել, նսեմացնել, չարախոսել։ Շատ պարսավելի  է, իհարկե, բայց այս ժամանակահատվածում, կարծում եմ՝ իմաստություն կունենան այն մտավորականները, արվեստի գործիչները, մեզ համար շատ սիրելի դարձած աստղերը,  ովքեր կգտնեն բացատրություններ և ներքին մշակման կենթարկեն վիրավորանքը։ Այս փուլը կանցնի, ու ամեն ինչ կփոխվի, որովհետև նրանք, այնուամենայնիվ, պահանջված են մեր հասարակության կողմից։

Իսկ ի՞նչ կարող եք ասել կենդանի մարդկանց վերաբերյալ մահվան կոչերով պաստառների, մերկ տիկնիկների, ՀՀԿ պատգամավորների բնակարանների մուտքի առաջ օճառներ դնելու վերաբերյալ, միթե՞ չկային զայրույթի և անհնազանդության ավելի զուսպ արտահայտչամիջոցներ:

Շատ վատ եմ վերաբերվում, շատ աններելի, բայց դա նույնպես կապված է մտքերի, հույզերի և այդ հույզերը գործողության վերածելու խնդրի հետ, որպեսզի նրանք ջարդուփշուր չանեն որևէ բան, մտածում էին ավելի դաժան, ստորացնող, նվաստացնող դրսևորումներ ցուցաբերելով այդ կերպ արտահայտվել։

Խոսելով շարժման նպատակների և առաջնորդի սատարման մասին՝  պետք է նշել 1996թ-ի հանրահավաքը,  երբ ժողովուրդը մերժում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, հետո՝ 2008թ-ին,  նույն հանրահավաքի միջոցով նրա վերադարձն էին պահանջում՝ այսինքն մարդկանց մեջ տարիների ընթացքում փոխվում է հոգեբանակա՞ն,  թե՞ քաղաքական դիրքորոշումը։

Թե մեկը, թե մյուսը․․․ Մի քայլ իրականանում էր, դրանից հետո առաջանում էր երկրորդ նպատակը, բավականին լավ կազմակերպված ու մտածված շարժում էր։ Մարդիկ շատ ավելի լուրջ էին վերաբերվում այս ամենին, շատ արագ հարմարվում էին իրավիճակին և ունեին բարձր ինքնավստահություն։ Իսկ այն ինքնավստահությունը, որ ունեին ՀՀԿ-ականները,  միանգամից կոտրվեց։ Ինչ վերաբերում է 1996թ․-ի շարժմանը, այդ ժամանակ բոլորը չէ, որ մերժում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, տոկոսային հարաբերությամբ այդ մերժումը 100%-ոց չէր, կարելի է ասել 50-50 էր, և այդ 50-ը հետագայում աշխատեց, դրա համար 2008-ին նրա վերադարձը բուռն ընդունեցին և հետո, մինչև 2008թ․-ն արդեն իրոք երկիրը բարոյալքված էր հասարակական, քաղաքական, սոցիալական գործընթացերի բոլոր շերտերում:

Ձեր կարծիքով,  շարժման հենց սկզբից մարդիկ գիտակցո՞ւմ էին իրենց անելիքները, օրերով գործադուլ ու դասադուլ անելով գուցե գիտակցված հասցնում էին սեփական երկրի տնտեսական և իրենց ֆինանսների անկմանը,  արդյո՞ք կար այդ գիտակցությունը։

Բոլորովին գիտակցված չէր դա, միայն մի բանի վրա էր սևեռված հավաքված հեղափոխականների մեծ մասը՝ հաղթանակ պետք է լինի, միայն հաղթանակ։ Այդ սևեռումը թույլ չի տալիս գիտակցել դա․«Վայ դասի չգնացինք, վայ ստուգարքը չտվեցինք կամ տանը բան չեմ եփել, ոչ մեկն այդ ժամանակ չէր մտածում, որ վազեմ փողոց իմ քաղաքացիական պարտականությունը կատարեմ, որովհետև լուրջ տնտեսական անկում կլինի», ոչ մեկ դրա մասին չէր մտածում։ Պոռթկումը շատ մեծ էր, և այս դեպքում ցանկացած գնով հաղթանակի հասնելու հարցն էր առաջ եկել։ Հաղթել՝ ամեն գնով: Իհարկե լավ էր, որ ի պատիվ մեզ, արյուն չհոսեց, բայց, եթե անգամ բռնի ուժ կիրառվեր, ֆիզիկական ինչ-որ ուժ գործադրվեր, չգիտեմ ինչի կվերածվեր, իսկական քաոս կսկսվեր, մինչև անգամ քաղաքացիական պատերազմ։ Սակայն հեղափոխականները շատ գեղեցիկ կերպով ցույց էին տալիս, որ չեն պատրաստվում ոչ մի քայլ ետ անել, դրա համար կարծում եմ, որ այդ ամենը բոլորովին գիտակցված չէր ժողովրդի համար, իսկ շարժման կազմակերպիչների համար միանգամայն գիտակցված էր:

Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին, ովքեր այս օրերին լցված են անսահման ուրախությամբ և նաև ատելությամբ նրանց հանդեպ, ովքեր, այդուհանդերձ,  չկիսեցին իրենց կարծիքներն ու քայլերը։

Ես ցանկանում եմ, որ մարդիկ ուղղակի աշխատեն, ամեն մարդ մեծ պատասխանատվությամբ անի իր գործը։ Շատ ցանկալի կլիներ, որ մարդիկ համեստացնեն բարձր ակնկալիքները։ Իմ կոչերից մեկն է, որ մենք հաճախ խորհենք համեստության մասին՝ այսինքն պետք է որոշակիորեն իջեցնենք մեր ակնկալիքները, որովհետև հնարավորություն պետք է տալ, որպեսզի կառավարությունն իր կողմից նախանշած փոփոխություններն իրականացնի։ Եվ հետո, պատասխանատվությունը միայն առաջնորդինը չէ, պատասխանատվությունը բոլորինն է։

Իհարկե,  ուրախությունը մեծ մասի մոտ շարունակվում է որը ենթադրում է, որ ցանկացած հիասթափություն կարող է կտրուկ իջեցնել այդ էյֆորիկ վիճակը և հանգեցնել ճիշտ հակառակ ազդեցությանը՝ տխրության կամ զայրույթի։ Հեղափոխություններին դա բնորոշ է, հեղափոխություններից որոշ ժամանակ անց սկսվում է ապատիան և հոգնածությունը, դա հայտնի ճշմարտություն է։

Կան հաղթողներ և պարտվողներ, և պետք է հասկանանք՝  ինչ սպասել պարտվողներից, որովհետև նախկին վարչակազմի ձեռագիրն արդեն գիտենք՝ այսինքն այնքան էլ լավ բաներ պետք չի սպասել։ Լավ կլինի, որ իմաստուն քայլեր անեն, հատկապես, որ ՀՀԿ-ական ղեկավարներից մեկն ընտրությունների օրն ելույթի ժամանակ ասաց․«Այս հեղափոխությունը սևերի և սպիտակների է բաժանել հասարակությանը»։ Իհարկե, բոլորովին իմաստուն չէր նման բան ասելը, լավ կլիներ, որ հենց իրենք հանդուրժողականության կոչեր անեին։ Նրանց կողմից  չհնչեցին նաև գոնե ափսոսանքի խոսքեր և իրենց սխալների վերլուծության փորձեր չարվեցին, այսպիսով ավելի խորացնելով իրենց գերագնահատելու և մյուսներին՝ ժողովրդին, թերագնահատելու ծայրահեղությունները: Կարելի է սա որակել որպես ինֆանտիլության դրսևորում, քանի որ սեփական սխալներն ընդունելու և մյուսների զայրույթը հանդուրժելու անկարողությունը խոսում է այն մասին, որ տապալված կողմը բոլորովին հասուն չէր  և ուներ մանկիկի անգիտակցական ամենակարողության մարմաջ:

Ամեն դեպքում, հիմա մնում է ցանկանալ, որ յուրաքանչյուր քաղաքացի  իր  միջավայրում՝ դպրոցում, մանկապարտեզում, մարդկանց հետ շփվելիս, ծառայություն մատուցելիս, հասկանա, թե ինչ է նշանակում տարրական պատասխանատվությունը և ինչ-որ չափով նաև սոցիալական վերահսկողությունը։ Յուրաքանչյուր մարդ այս հեղափոխության մասով պետք է կրի իր պատասխանատվությունը և փորձի վերահսկել փոփոխությունների գործընթացը: Այս դեպքում ազգային համախմբվածությունը և համերաշխությունը պետք է ծառայեն նոր Հայաստան ստեղծելուն: Սա ամենակարևոր կոչն է, որ պետք է անել, աշխատել և կարողանալ փոքրիկ վերահսկողական դերակատարում ունենալ հասարակությունում, իհարկե, համաձայնության և հարգանքի մթնոլորտում:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից