Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի կինը շարունակելու է աշխատել «ՀԺ» թերթում

analitik.am

Այսօր՝ մայիսի 15-ին, Ազատության եթերում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայաստանում մամուլի ազատության ամրապնդման համար, նշեց, որ օրենսդրությամբ կան մեխանիզմներ, սակայն օրենսդրությունից առավել կարևոր է լրագրողների և լրատվամիջոցների սեփական ազատության զգացողությունը. «Եթե չլինի ներքին ազատությունը, օրենսդրությունը չի կարող օգնել: Դրա համար առաջին հերթին լրագրողները պետք է ձերբազատվեն ինքնագրաքննությունից և կառուցեն կամ վերականգնեն իրենց սեփական ազատությունը»:

Տիկին Հակոբյանի խոսքերով, վերջին շրջանում տեղի ունեցած դրականը պահպանելու և առաջիկայում հնարավոր բացասական երևույթները կանխելու համար մամուլը կարևոր դերակատարում ունի:
Հարցին, թե որքանով են լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը մանրադիտակի տակ լինելու և արդյո՞ք վարչապետի կինը կսատարի լրագրողներին, վերջինս հույս հայտնեց, որ այսուհետ անհրաժեշտություն չի լինի մեծ աղմուկ բարձրացնել կամ անձնական միջամտություններ անել օրինազանցներին արժանի կերպով պատժելու համար. «Պարզ է, որ դա տեղի չի ունենա օրերի ընթացքում, բայց ես հույս ունեմ, որ դա շատ արագ տեղի կունենա»:

Աննա Հակոբյանը նաև նշեց, որ շարունակելու է աշխատանքը որպես «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր:

 

Նույն շարքից