Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Զրույց «Թավշյա հեղափոխության հիմն» երգի հեղինակ և կատարող Մարինե Մանասյանի հետ

analitik.am

Analitik.am-ը զրուցեց երաժիշտ,երգահան Մարինե Մանասյանի (Deep Image խումբ) հետ։

Ի՞նչ նշանակություն ունի երաժշտությունը Ձեր կյանքում և ե՞րբ եք սկսել կատարել առաջին քայլերը։

Երաժշտությունը շատ մեծ դեր է կատարում կյանքումս, որովհետև ես համարում եմ, որ ցանկացած երաժիշտ կապ չունի, թե այդ երաժիշտն ինչի է հասել, ինքն ինչ-որ հեքիաթային երջանկության հետ է կապնված,  ու մենք դա պետք է գնահատենք, որովհետև երաժշտությունը շատ մեծ ուժ ունի, այն մեզ ուժ է տալիս և մաքրում։ Առաջին մտքերս երաժշտության վերաբերյալ առաջացել են 14 տարեկանում, երբ ես երևի այնքան շատ էի լսում տարբեր խմբերի, երգիչների, երաժիշտների, որ այդ տարիքում որոշեցի՝ պետք է կիթառ ունենամ ու երգեր գրեմ, չնայած երբեք չէի սովորել երաժշտական դպրոցներում։ Եվ մի քանի տարի հետո կիթառս հայտնվեց ու սկսեցի երգեր գրել։ Հետո շատ փորձեր էի կատարում խումբ հավաքել, բայց լավ չէր ստացվում, որովհետև երաժիշտներին չէի կարողանում բացատրել, թե ես իրենցից ինչ եմ ուզում։ Մի քանի տարի հետո որոշեցի, որ պետք է արդեն լուրջ սովորել ու Մոսկվայի ջազային իմպրովիզացիոն երաժշտության քոլեջում հաճախեցի դաշնամուրի դասերի, դրանից հետո շատ բան իմանալով ավելի հեշտ էր երաժիշտների հետ շփվել։ Իսկ ավելի լուրջ քայլերը կարող եմ ասել, որ սկսել եմ 1.5 տարի առաջ, երբ երգերի ձայնագրություններ արեցինք, տեսահոլովակներ նկարեցինք։ Արդեն երկու ալբոմ ունենք և մի քանի տեսահոլովակներ։

Ի՞նչ խորհրդով են լցված ձեր երգերը, ի՞նչ կարող է ասել այն ունկնդրին։

Ընդհանրապես երգերիս ոճն ու ուղղվածությունը շատ տարբեր է, բայց ինձ թվում է՝ խոսքերի և բառերի մասով տարբեր լինելով հանդերձ, հիմնական միտքը վերաբերում է ոչ միայն ունկնդրին, այլ նաև՝ ինձ։ Կյանքում կա երկու մեծ զգացմունք, որով մենք ապրում ենք՝ դա վախն է ու սերը։ Դրանք կառավարող զգացմունքներ են, և մենք ամեն վայրկյան ընտրություն ենք անում, թե որ զգացմունքով ապրել, որ զգացմունքով որոշումներ կայացնել։ Իհարկե,  երջանկություն կլինի, եթե թե իմ կյանքում, թե ցանկացած մեկի, որպեսզի բոլոր քայլերը սիրուց բխած լինեն։ Կյանքում շատ տարբեր բաներ են կատարվում, և մարդիկ վախից սահմանափակում են իրենց զգացմունքները, իրենց ապրելու ձևը և այդ իսկ պատճառով ամեն խնդիր հենց դրանից է առաջանում, բայց երբ մարդ լսում է իր սրտին նա ամենաճիշտ որոշումներն է կայացնում։ Բոլոր երգերիս մեջ էլ հիմնականում այդ միտքն է, որ մենք պետք է մեր սրտին լսենք, այլ ոչ թե այն մտքերը, որոնք անընդհատ շեղում են մեզ մեր ճանապարհից։

Մեզ հայտնի է, որ Դուք ապրում եք Մոսկվայում, ի՞նչը ստիպեց Հայաստանից տեղափոխվել այլ երկիր, մի փոքր պատմեք այդ տարիներին Ձեր կյանքում կատարվող իրադարձությունների մասին։

Այո, ես արդեն երկար ժամանակ է՝ ապրում եմ Մոսկվայում։ Ծնողներիս աշխատանքը ստիպեց տեղափոխվել, որովհետև ես այնպիսի տարիքում չէի, որ առանձին կարողանայի ապրել ու չգալ։ Եվ 2001թ-ը, երբ ընտանիքս վերջնական տեղափոխվեց Մոսկվա , ամենադաժան ժամանակներից մեկն էր իմ կյանքում, որովհետև սիրտս կտրեցին բերեցին այստեղ։ Սկզբի մի քանի տարին շատ դժվար էր, որովհետև մեր ազգի մեջ կա մի այլ կարգի բարիություն և տաքություն, իսկ այստեղ գալով կարծես սառցաբեկորի մեջ լինեի, բայց միևնույնն է, ապրում ենք, պետք է ուժեղ լինենք և գնանք առաջ։ Այդ ժամանակ ես արդեն դպրոցն ավարտեցի, ինստիտուտ էի ընդունվել։ Երբ արդեն շրջապատ ես ունենում, ընկերներ ձեռք բերում, ավելի հեշտ է դառնում ապրել օտար երկրում։ Վերադառնալով առաջին հարցին՝ կարող եմ ասել, որ երաժշտությունը միշտ փրկում է դժվար պահերին, կարծես ճահիճից հանում,  թափահարում է ու ամեն ինչ լավ է լինում։ Ցանկացած դժվար իրավիճակից կարելի է դուրս գալ, եթե շատ աշխատես ներքին զգացմունքներիդ հետ։

Այս օրերին դուք հանդես եք եկել նոր երգով և տեսահոլովակով։ Ինչպե՞ս առաջացավ հեղափոխությանը վերաբերվող երգ գրելու միտքը։

Հենց շարժման նկատմամբ զգացողություններն էլ առաջացրեց միտք գրել այս երգը։ Հիմնականում իմ երգերը ռուսերեն և անգլերեն լեզվով են, իսկ հայերեն լեզվով մի երգ ունեմ Ե.Չարենցի «Գիշեր» ստեղծագործության հիման վրա գրված։ Իսկ այս երգի ստեղծման սկզբում մտածում էի, որ դժվար կլինի բառերը գրելուց, բայց ստացվեց և ասեմ, որ երաժշտությունը գրելուց հուզվել եմ։ Այս երգն իմ փոքրիկ ներդրումն է։ Մի քանիսը զարմանում էին,  թե ինչի եմ երգն անվանել «Հիմն», ասում էին, որ հիմնը պետք է ուրախ լինի, բայց ես իմ երգը համարում եմ շատ ուրախ, որովհետև նրա մեջ  կա հույս, լույս և արև։ Հիմնը շատ խորը երաժշտություն է, որն ուղղված է Աստծոն։ Եթե լսենք տարբեր երկրների հիմներ, ապա կտեսնենք, որ դրանք ծնվում են ինչ-որ խորն ապրումներից։ Կուզեմ ավելացնել նաև, որ ոչ միայն այս երգը, այլև ցանկացած երգ գրելիս ցանկությունս մեկն է, որպեսզի մարդկանց սրտերը բացվեն և թույլ տան, որ այդ լույսը ներխուժի այնտեղ։ Իսկ այս հեղափոխության երգը պետք է լուսավորի և հույս տա ավելի լավ ապագայի համար։

Ապրելով հայրենիքից հեռու և հետևելով Հայաստանում կատարվող վերջին իրադարձություններին՝ ինչպիսի՞ զգացողություններ առաջացրեց այս շարժումը և ինչպիսի՞ քայլեր ձեռնարկեցիք այդ օրերին։

Շարժման հետ կապված՝ ստացվեց այնպես, որ ապրիլի սկզբում եկել էի Երևան և 12-ին ետ վերադարձա, իսկ հաջորդ օրն այդ ամենը սկսվեց։ Սկզբից , ինչպես բոլորը, լուրջ չէի ընդունում իրավիճակը, սակայն, երբ ապրիլի կեսերից ամեն ինչ լրջացավ ու մարդիկ փողոցներում շատացան,  հասկանալի դարձավ, որ շատ կարևոր բան է կատարվում։ Իհարկե,  առաջին ցանկությունս գալն էր, որովհետև հնարավոր չի նստել ուրիշ տեղ, երբ քո սիրելի ազգը ոտքի է կանգնել և վերջապես ուզում է «բանտից» դուրս գալ։ Երկար մտածմունքներից  հետո՝ ապրիլի 23-ին,  որոշեցի գալ Երևան, իսկ մինչև այդ «ֆեյսբուքում էի ապրում», ընկերներիցս էի հարցուփորձ  անում։ Այդ օրերին ես ամեն կերպ  ուզում էի իմ ներդրումն ունենալ և հենց իմ երգի միջոցով ցանկացա իմ ազգի կողքին լինել, երգի միջոցով իմ ապրումներն ու զգացածը նվիրել հայ ազգին։

Իսկ ի՞նչ կարող եք ասել ընդհանրապես այս հեղափոխության վերաբերյալ, ի՞նչն,  ըստ Ձեզ,  ստիպեց հայությանը ոտքի կանգնել։

Ընդհանրապես,  ինձ համար աշխարհը  թվում է հակաուտոպիական ժանրի գրքերի պատմությունների նման, երբ մարդկանց այնքան են բթացնում, զոմբիացնում և ղեկավարում, որ աշխարհում այս ամենն ինձ թվում էր անհնար, որ մարդիկ կարողանան համախմբվել։ Իսկ այն, ինչը  կատարվեց Հայաստանում,  ինձ համար աստվածային ժանրից էր։ Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, որովհետև համարում եմ, որ այնտեղ բացի ստից, ուրիշ ոչինչ չեն պատմում։ Երբ ազգը դառնում է մի մեծ ընտանիք, երբ դրսում երգում են ու պարում, երբ մարդկանց բարիությունն աննկարագրելի մեծանում է, դա ինձ համար հրաշքների շարքից է։ Շատ եմ ուզում հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև բոլոր շերտերում Հայաստանի վիճակը շատ վատ էր ու դա կարգավորելը դժվար է։ Ուզում եմ, որ ցանկացած հայ հասկանա՝ ժամանակ է պետք, յուրաքանչյուրը պետք է  ներդրում ունենա, օգնի, լինի ազնիվ՝ մոռանալով հին սովետական մտածողությունը, պետք է դրանից հրաժարվել։ Մի խոսքով՝ ես այս ամենը կանվանեմ «աստվածային հեղափոխություն»։

Այդ օրերին օտարերկրյա շատ վերլուծաբաններ  Հայաստանում տեղի ունեցող դեպքերն անվանում էին  «Մայդան» , ապրելով Մոսկվայում՝ ինչպիսի՞ արձագանքներ լսեցիք շարժման վերաբերյալ։

Մոսկվան նույնպես չէր տարբերվում մնացած քաղաքներից և երկրներից, որովհետև երբ սկսվեց հեղափոխությունն ու ես այստեղ պատմում էի ընկերներիս, իսկապես առաջին բանը որ լսում էի նրանցից դա այն էր, որ սա Ուկրաինայի նման պատմություն է, որ սա նույն «Մայդանն» է, բայց ժամանակի հետ նրանք իրենց կարծիքը փոխեցին։ Մարդիկ, իհարկե, վախենալով անվանում էին դա «Մայդան», բայց հիմա ես այլևս նման բան չեմ լսում մարդկանցից։

Ի՞նչ նոր ծրագրեր կան, պատրաստվում ե՞ք արդյոք համերգներ ունենալ Հայաստանում։

Երբ ապրիլին վերադարձա Մոսկվա, որոշել էի անկախ ամեն ինչից ալբոմ գրել հայերեն լեզվով, որոշել էի, որ մի քանի հատ իմ երգերից կլինեն և նաև մի քանի «cover» տարբերակով երգեր ուրիշ երգերի հիման վրա։ Իմ մոտ այդպես հաճախ է լինում, երբ Հայաստանից վերադառնալուց հետո ոգևորվում եմ և նման բաներ եմ անում։ Կարող եմ ասել, որ սկսել եմ արդեն, նախ այս հեղափոխության երգը, իսկ դրանից առաջ իհարկե «cover» տարբերակով երգեր եմ գրել։ Հիմնականում այդ ալբոմի վրա պետք է աշխատեմ, բայց այս պահին մայիսի 24-ին Մոսկվայում համերգ ունենք մի թատրոնի դերասանի հետ, մենք նվագելու ենք, երգենք, իսկ նա Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծություններն է կարդալու։  Հայաստանում համերգներ ունենալու վերաբերյալ ասեմ, որ մենք երգել ենք Հայաստանում։ Երկու տարի առաջ մի քանի ակումբում համերգ ենք տվել և հիմա էլ շատ ենք ուզում վերադառնալ, բայց մինչև վերադառնալը ժողովուրդը պետք է մեր մասին իմանա, դրա համար, երբ պատրաստ լինեն հայկական երգերս, մենք կվերադառնանք։ Ուզում եմ նշել նաև, երբ Հայաստանում «Կալյումե» - ում համերգ էինք տալիս, այդ համերգը մեր խմբի ամենասիրելի համերգներից մեկն էր։

Եվ վերջին հարցն՝ ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին։

Առաջին հերթին ասեմ, որ այս հեղափոխությունն իսկականից հայ ազգին այնքան է արթնացել, որ կմաղթեմ արթուն այդ զգացումը չկորցնել, միշտ հիշել, միշտ ապրել այդ զգացմունքներով, աշխատել ավելի բարի լինել, ավելի ազնիվ։ Իհարկե դժվար է հասարակությունում այդպիսին լինել, բայց  ուզում եմ, որ յուրաքանչյուր հայ  իր սրտին լսի։ Երջանիկ ապագա եմ մաղթում բոլորին, ժպիտներ, ուրախություն և ավելի շատ հերոսներ տարբեր ոլորտներում՝  երաժշտության, արվեստի, գիտության։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից