Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ վարչապետը ներկայացրել է ԱԻ նորանշանակ նախարարին

analitik.am

Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և գերատեսչության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

Շնորհակալություն հայտնելով նախկինում իրականացված աշխատանքների համար՝ վարչապետ Ն.Փաշինյանն իր խոսքում ընդգծեց նախարարության գործունեության հիմնական առաջնահերթ ուղղությունները՝ քաղաքացիական պաշտպանություն, հակակարկտային և սեյսմիկ պաշտպանության համակարգերի հզորացում:

«Պետք է արձանագրել, որ վերջին տարիներին այս ոլորտում մեծ գործ է արվել, և հույս ունեմ, որ կառավարությունը և ես, որպես վարչապետ, մեզանից կախված ամեն ինչ կանենք արվածի շարունակականությունն ապահովելու համար: Մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանում և, ըստ էության, հակամարտության մեջ գտնվող երկիր ենք, և քաղաքացիական պաշտպանության խնդիրները պետք է լինեն բարձր մակարդակում:

Իմ սեղանին դրված առաջին խնդիրները կապված էին նաև արտակարգ իրավիճակների ոլորտի հետ, ինչը լուրջ ազդակ է: Այդ խնդիրների պատշաճ մակարդակով լուծելու համար մեծ դեր ունի նաև մարդկային գործոնը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ԱԻ նախարար Հ.Ռոստոմյանն իր խոսքում մասնավորապես ասաց.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ նման պատասխանատու պաշտոն վստահելու համար: Կարող եմ վստահեցնել, որ մենք ամեն ինչ անելու ենք հասարակության մեջ կուտակված դրական լիցքերը բազմապատկելու համար, որպեսզի մարդիկ ամեն վայրկյան իրենց մաշկի վրա զգան մեր անմիջական ու մարդկային վերաբերմունքը»,- ասաց նորանշանակ նախարարը:

Աշխատանքային օրվա ավարտին ՀՀ ԱԻ նախարար Հ.Ռոստոմյանն անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ տալով հանձնարարականներ և նախանշելով այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:

Նույն շարքից