Հասարակություն 

Ոչ մի բանտարկյալ չի ուզում ազատություն՝ քո զոհաբերության գնով. Խանդոյանի ու Պետրոսյանի կոչը՝ Չուգասզյանին

analitik.am

Սիրելի՛ Գարեգին

Երբ դու դուրս եկար ընդհատակից եւ, քո քայլը կատարելով, գիտակցաբար բանտ մտար ու հացադուլ հայտարարեցիր, որպեսզի կարողանաս քո ձայնը լսելի դարձնել քաղբանտարկյալներին ազատելու, մյուս բանտարկյալների համաներման եւ ռեժիմի կատարած հանցագործությունների քննության անհրաժեշտության վերաբերյալ, մենք նույնպես միացանք քեզ, որպեսզի այդ ձայնն ավելի բարձր հնչեր:

Հիմա դու ազատության մեջ ես եւ քո պահանջների համար փողոցում պայքարող քազաքացիներն ունեն քո գիտելիքների եւ փորձի, քո անմիջական ու ակտիվ մասնակցության կարիքը:

Սակայն երկարատեւ հացադուլը սպառում է քո ուժերը, իսկ նստացույցը կաշկանդում է քո տեղաշարժը, ինչի հետեւանքով պայքարը չի ստանում մտավոր, կամային եւ կազմակերպչական այն ուժն ու էներգիան, որ դու կարող ես տալ նրան:

Բացի այդ, մեզ խիստ մտահոգում է քո առողջությունը: Տեւական հացադուլը հյուծել է քո օրգանիզմը եւ դու օրեցօր մոտենում ես վտանգավոր սահմանագծին:

Ոչ մի բանտարկյալ չի ուզում ազատություն՝ քո զոհաբերության գնով: Հաց Բերողի ինքնակամ խաչելության կրկնությունը շատ ցավալի հետեւանքներ կունենա ժողովրդի եւ ապագայի համար:

Ուստի՝ քեզ կոչ ենք անում դադարեցնել հացադուլը, վերականգնել ուժերդ եւ միանալ ակտիվ փողոցային պայքարին:

Իսկ եթե չդադարեցնես հացադուլը, մենք նույնպես չենք դադարեցնելու:

Մենք նաեւ համոզված ենք, որ զարթոնք ապրած ժողովուրդը, հատկապես պայքարող երիտասարդությունը, թույլ չի տալու, որ քաղբանտարկյալները մնան բանտում: Երիտասարդները համակարգին պարտադրելու են իրենց կամքը եւ ստիպելու են, որ մեզ ազատ արձակեն:

Սասնա Ծռեր

Արայիկ Խանդոյան, Աշոտ Պետրոսյան

Նույն շարքից