Հայաստան Քաղաքականություն 

Մելքոնյան վարժարանի շրջանավարտները հանդիպեցին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ

analitik.am

Մայիսի 18-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության նախկին շրջանավարտների պատվիրակությանը, որի կազմում էին Բյուզանդ և Մարի Ագբաշյանները (Պոլիս), Գրիգոր Մարոնյանը  (Մոնրեալ), Մանուկ Յեդըզյանը (Կիպրոս), Գևորգ Մարաշլյանը (Վաշինգտոն):

Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարությունից:

Մելքոնյանցիները ներկայացրին իրենց խնդրանքը՝ աջակցել Կիպրոսի Մելքոնյան վարժարանի վերաբացմանը, նշեցին, որ կրթական հաստատության տարբեր տարիների հարյուրավոր շրջանավարտներ պատրաստ են նյութական, մտավոր, բարոյական ներդրում ունենալ համազգային հնչեղություն ունեցող այդ խնդրի լուծմանը:

Նրանք նշեցին նաև, որ հովանավորում են Մասիսի  համար 2 վարժարանը, հանգանակված 120 հազար դոլարը ուղղել են 900 աշակերտ ունեցող դպրոցի վերանորոգմանը:

Սփյուռքի նախարարը, կարևորելով Մելքոնյան վարժարանի վերաբացման խնդիրը, հավաստիացրեց, որ խնդիրը համակողմանի կուսումնասիրվի և համատեղ լուծումներ կգտնվեն: «Հայապահպանությանը միտված խնդիրներն անպայման կլուծվեն, միայն ժամանակ է պետք: Պիտի արդարացնենք միլիոնավոր հայերի սպասելիքները», - հավելեց նա:

Նույն շարքից