Գիտություն Հասարակություն 

Լեզվի պետական տեսչության պատասխանը՝ ԿԳ նորանշանակ նախարարին

analitik.am

Ի պատասխան ՀՀ ԿԳ նախարարի դիմատետրի (ֆեյսբուք) էջում արված` 18.05.2018 թ. գրառման:

Առնվազն տարակուսելի է, որ նորանշանակ նախարարը, առանց ծանոթանալու Լեզվի պետական տեսչության աշխատանքներին, հրապարակավ հանդես է եկել նման հայտարարությամբ: Լեզվի պետական տեսչությունը տարեկան իրականացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ բազմաթիվ վարույթներ, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ Երևանում և մարզերում` հնարավոր իրավախախտումները նվազեցնելու նպատակով. լեզվական օրենսդրության պահանջների վերաբերյալ գրավոր իրազեկել է տնտեսավարողներին (2016-2018թթ. 900 իրազեկում), անցկացրել է լեզվավիճակի դիտարկումներ, շրջայցեր, ուսումնասիրություններ:

Տեսչությունը սահմանված կարգով միայն 2017 թվականին պատասխանել է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական մարմինների` ավելի քան հազար հարյուր գրավոր ու բանավոր հարցումների, մշակել և շրջանառել է «Լեզվական քաղաքականության 2018-2023թթ. պետական ծրագրի» նախագիծը, կատարել է զանգվածային լրատվության միջոցների` մասնավորապես, հեռուստատեսության լեզվավիճակի ուսումնասիրություններ: Հավելենք, որ ՀՀ լեզվի պետական տեսչությունն իրապես կարող էր «100 տոկոսին ձգտող» արդյունք արձանագրել, ի լրումն վերոնշյալ աշխատանքների` կատարել նաև ստուգումներ, եթե նրա գործունեությունը, ի թիվս այլ տեսչությունների, վերջին տարիներին չարգելափակվեր ՀՀ Կառավարության` ստուգումները կասեցնելու վերաբերյալ երկու որոշումներով: Տեսչական բարեփոխումների հետևանքով առաջացած իրավիճակի մասին ժամանակին պաշտոնապես գրություններ են ներկայացվել ՀՀ նախկին վարչապետներ Տ. Սարգսյանին և Հ. Աբրահամյանին:

Այսպիսով, Լեզվի պետական տեսչությունը բոլոր իրավիճակներում առավելագույնս պաշտպանել է լեզվի շահերը` գործելով համարձակ և աննահանջ, ինչն էլ անելու է այսուհետ:

Լեզվի պետական տեսչություն

 

Նույն շարքից