Հասարակություն 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդին

analitik.am

Մայիսի 19-ին Արցախում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։

Շնորհավորելով ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ՝ Արցախի թեմի առաջնորդն ողջունեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի առաջին այցելությունն Արցախ՝ վստահություն հայտնելով, որ Ստեփանակերտում ունեցած հանդիպումներն ու շփումները լավ սկիզբ են հանդիսանում։ Պարգև սրբազանը ամենայն հաջողություն մաղթեց նախարար Մնացականյանին իր պատասխանատու առաքելության մեջ։

Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար ու շեշտեց, որ Արցախում նոր ու բազմակողմանի դրական լիցքեր է ստացել, որոնք անհրաժեշտություն են Հայաստանի արտգործնախարարի առաքելության համար։ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ իր ունեցած հանդիպումները լավ հնարավորություն էին հստակ պատկերացում կազմելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի և դրան առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ Արցախի ղեկավարության մոտեցումների մասին։

Հանդիպմանը Պարգև սրբազանը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Արցախի թեմի գործունեությունը և ծրագրերը։

Նույն շարքից