Բարի օր Հասարակություն Վերլուծական 

Ազգային դիսկուրսի դուալիզմն ու անհանդուրժողականության բումը

analitik.am

Միշտ հետաքրքիր է ազգային գործընթացներին հետհայացք գցելն ու ինչ-որ օրինաչափություններ փնտրելը։ Վերջին շրջանում, անգամ մինչև տեղի ունեցած իշխանափոխությունը, մի միտում էր նկատվում։ Պարզվում է, որ մենք սիրում ենք մարդկանց պիտակավորել և հազար ու մի հնարք և տերմին կգտնենք դրա համար։

Մեր սահմանադրությունն ասում է, որ երկրում ապրող ցանկացած ոք ունի մտքի, խղճի ու դավանանքի ազատություն, այն է՝ ինքնարտահայտվելու ազատություն։ Հիշո՞ւմ եք, ձմռանն էր, երբ մի աղջկա իբր «նեղել» էին Արցախում իր «ոչ ստանդարտ» կերպարի համար։ Մեծ արձագանք ստացած սովորական մի պատմություն, և ատելությամբ լի բազմաթիվ մեկնաբանություններ։ Պարզ է, որ կային նաև պաշտպանողներ, ու համացանցում ահռելի պատերազմ էր գաղափարների, ազատությունների և մարդկանց վիրավորել-չվիրավորելու թեմայով։

Այնուհետև սկսվեց մի հետաքրքիր շարժում. Մարդիկ համախմբվեցին իշխանափոխության գաղափարի շուրջ և կարծես  թե որոշ ժամանակ մոռացան, որ «կապույտ մազերով աղջիկներն» ու «սուր քթով կոշիկներով տղերքը» տարբեր գաղափարական ճամբարներից են։ Արդյունքում՝ ունեցանք առեղծվածային թավշյա հեղափոխություն, սիրո ու ջերմության մթնոլորտ, որն այնքան մեծ հույսեր էր ներշնչում, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում։

Բայց վերջին մի քանի օրերի ընթացքում այդ հույսերը ոչ միայն չարդարացան, այլ փշրվեցին՝ դեմ առնելով  տիրող ատելության «բետոնե պատին»։ Երեկ Facebook-ում հայտնվեց լուսանկարների շարք.  Ցուցարարներ էին՝ քաղաքապետարանի դիմաց հավաքված, այն մարդիկ, ովքեր եկել էին ի պաշտպանություն քաղաքապետի։ Առանց  քաղաքական ասպեկտի մեջ խորանալու՝ անդրադառնանք մարդկանց նկարների տակ արված մեկնաբանություններին։ Կային տարիքով կանայք, ում մասին երիտասարդները անպարկեշտ բաներ էին գրում, կային երիտասարդներ, որոնց հայհոյում էին, կային տատիկներ ու պապիկներ, շատ մարդիկ կային, ու բոլորին սևացնում էին ատելությամբ։

Սթափ ուղեղով իրավիճակը վելուծելիս,  չի լինում հասկանալ, թե որտեղի՞ց մարդկանց մեջ այդքան ատելություն իրենց համաքաղաքացիների նկատմամբ, ո՞նց կարող է քաղաքական հայացքն այնքան մեծ խնդիր լինել, որ վիրավորանքները գնան անձնական դաշտ։ Աբսուրդային է, երբ գունավոր մազերով, գուցե նաև գունավոր էությամբ մարդիկ, ովքեր բավականին մեծ ագրեսիայով ճեղքեցին  ոստիկանների շարքերն ու մտան անձնական սեփականություն հանդիսացող  տարածք, մեղադրում են ավելի կոնսերվատիվ ու հայկական տեսք ունեցողներին նույն ատելության ու ագրեսիայի մեջ։

Առանց քննադատելու ուղղակի փաստենք, որ ի վերջո քաղաքացիական պայքարում  է ձևավորվում ճշմարտությունը։ Բայց, եթե խոսենք  ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության և բարձր մշակութային արժեքների մասին, ապա պետք է հասկանանք, որ արդեն ժամանակն է ինքներս մեզ կրթելու՝  որպես գիտակից մարդ, հասուն քաղաքացի, այլ ոչ թե վերածվենք ատելությամբ լցված, կենցաղային մակարդակի դատողություններ անող մարդկանց ամբոխի։

Նույն շարքից