Իրավական 

Սպանել են ավտոտնակում, ապա այրել. Նոր մանրամասներ՝ Երևանում 20-ամյա տղայի դաժան սպանությունից

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է 20-ամյա երիտասարդի սպանության շարժառիթը, բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել, որ սպանությունը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում, որից հետո դին տեղափոխվել է՝ հետքերը թաքցնելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, հայտնաբերվել էր երիտասարդ տղամարդու դի՝  մետաղական լարով կապված և այրված, պարանոցի շրջանում՝ կտրած-ծակած վնասվածքներով։

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ է՝ ծնված 1998թ., սպանության դեպքի իրական վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 20-ամյա երիտասարդի սպանությունն իրականում տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ ավտոտնակում։ Առաջացած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախ դանակով հարվածներ է հասցրել տուժողի պարանոցի հատվածին, այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը տեղափոխել Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտ, որտեղ էլ դիակի վրա լցնելով յուղ և բենզին այրել է:

Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա պատմել է դեպքի հանգամանքները:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կասկածյալի ցուցմունքում մատնանշված հանգամանքներն ստուգելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից