Բարի օր Իրավական 

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին

analitik.am

Մայիսի 21-ին Էդուարդ Կառլոսի Զեյթունյանի, Հարություն Մարտինի Թորոսյանի, Սարգիս Պետրոսի Արաբաջյանի, Կարեն Բարեղամի Վանոյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Սարգիս Մառլենի Գրիգորյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը կոնկրետացնելու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև որպես խափանման միջոց կալանքը վերացնելու խնդրանքով: Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հարգելի պարոն Դավթյան,

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Դանիբեկյանի վարույթում է գտնվում թիվ ԵԷԴ/0133/01/16, ԵԷԴ/0088/01/16, ԵԷԴ/0005/01/17 քրեական գործերը: Նշված քրեական գործեր նախաքննությունը իրականացվել է Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում և մասեր անջատելով ուղղարկվել է Դատարան:

Ինչպես երևում է սույն գործով կազմված մեղադրական եզրակացություններից և բոլոր ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներից, ապա այն ձևակերպվել է հետևյալ կերպ.

«… 2016 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող՝ Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Այսպես. 2016 թվականի հուլիսի 17-ին զինված խմբի կողմից Երևան քաղաքի Մովսես Խորենացի 158 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովելու նպատակով, 2016 թվականի հուլիսի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում: այդ ընթացքում նրանց են մոտեցել Սարգիս Գրիգորյանը, Արման Ադամյանը, Սարգիս Արաբաջյանը, Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Ժորա Ավետիսյանը, Էդուարդ Զեյթունյանը, Անդրանիկ Քյոսեյանը, Հրաչյա Բոյաջյանը, Կարեն Վանոյանը և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ այլ անձինք, դժգոհություն են հայտնել ոստիկանության ծառայողներին վերջիններիս կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված ու ներկայացրել անհիմն պահանջներ, ապա չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների՝ հասարակական կարգը պահպանելուն ուղղված օրինական պահանջներին, հանցավոր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով, քարեր և այլ առարկաներ նետելով առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իշխանության ներկայացուցիչներ համարվող ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ և Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի տեղակալ Արմեն Գալստյանի, ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկաններ Իշխան Ավագյանի և Աբել Վարդանյանի առողջությանը պատճառել թեթև վնաս, իսկ Էրեբունու բաժնի ՀՈԲ-ի տեսուչ Արազի Թիրաբյանի, ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկան Դավիթ Սահակյանի, ավագ ոստիկան Հովսեփ Հովսեփյանի և ծառայության տեսուչ Արմեն Մուսայելյանի առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ>

Այսինքն, բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է նույնաբովանդակ մեղադրանք առանց յուրաքանչյուրի գործողությունները անհատականացնելու:

Դատաքննության ժամանակ, երբ իմ պաշտպանյալներից և մյուս ամբաստանյալներից Դատարանը ճշտում էր, թե արդյոք նրանց պարզ և հասկանալի է մեղադրանքի էությունը, նրանք պատասխանում էին՝ ոչ, քանի որ առաջադրված մեղարանքի ձևակերպումից անհասկանալի էր, թե նրանցից յուրաքնչյուրին ինչ գործողություն է մեղսագրված /կամ չի կատարել/ և ինչից պետք է պաշտպանվեին, իսկ այդ հարցին ի պատասխան մեղադրողը նույնիսկ նշել է, թե դեռ դատաքննության ժամանակ կպարզվի կամ ընդհանրապես որևէ պարզաբանում չէր ներկայացվում:

Պարզաբանման և կոնկրետացման ենթակա էին հետևյալ հարցերը՝

1.Ամբաստանյալներից յուրաքանչյուրի կողմից ոստիկանության աշխատակիցներին որևէ պահանջ ներկայացվել է, թե ոչ,

2.Եթե այո, ապա կոնկրետ ինչ պահանջ,

3.Արդյոք ամբաստանյալներից յուրաքանչյուրը անձամբ բռնություն գործադրել է, այսինքն՝ ոտքերով, ձեռքերով, քարով կամ այլ առարկայով հարվածներ հասցրել է , թե ոչ,

4.Եթե այո, ապա կոնկրետ ում նկատմամբ և արդյոք նրանցից յուրաքանչյուրի կողմից իրականացված ենթադրյալ բռնությունը որևէ մեկի առողջության համար վտանգավոր է եղել, թե ոչ:

Հարգելի պարոն Դավթյան, իսկ ինչպես հայտնի է առանց վերը նշված մեղադրանքի էությունը բնորոշող հանգամանքները պարզաբանելու խախված կլինի ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202 հոդվածը, այնպես էլ նույն օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված  մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը: Մասնավորապես. կխախտվեն այն հիմնարար իրավադրույթները, որ «կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք», և որ «քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավո է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները, (ներառում է նաև մեղադրանքի էությունը)  և  ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու  փաստացի հնարավորությունը»: Եթե քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում օգտագործված  «մեղադրանք»  եզրույթը հասկացվի   սոսկ «քրեաիրավական որակում» իմաստով, և այն իր մեջ չներառի արարքի  քրեաիրավական  որոկման հիմքում ընկած փաստական հանգամանքները, ապա կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային, քանի որ առանց փաստական հիմքի` քրեաիրավական որոկումից պաշտպանվելու իրավունքը առարկայազուրկ է:

Մեղադրյալին մեղադրանքի հիմքերի բացատրման պարտադիր լինելուն է անդրադարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր կողմից կայացված նախադեպային որոշումներում, մասնավորապես.

Փելլիսիերը և Սասսին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանը փաստել է.

Մեղադրյալին փոխանցման անհրաժեշտ տեղեկատվությունը վերաբերում է հանցանքի «բնույթին և հիմքին»: «Բնույթ» նշանակում է այն հանցանքը, որի համար նա մեղադրվում է (այն է՝ իրավական բնութագիրը), և «հիմք» բառը ցույց է տալիս այն գործողությունները, որոնք վերջինս ենթադրաբար կատարել է: Հանցագործության մանրամասնները չափազանց կարևոր են , քանի որ դրանց մատուցման պահից է կասկածյալը պաշտոնապես տեղեկացվում իր դեմ ներկայացված մեղադրանքների փաստացի և իրավական հիմքերի մասին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են մեղադրյալի անուն-ազգանունը և նրա անձի մասին այլ տվյալներ, մեղադրանքի ձևակերպումը՝ նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որոնք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը:

Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը պետք է ներառի՝

1.Մեղադրանքի փաստական կողմը՝ մեղսագրվող արարքի կոնկրետ հանգամանքների, հանցակազմի բոլոր հատկանիշների մանրամասն նկարագրությամբ,

2.Մեղադրանքի իրավաբանական որակումը՝ քրեաիրավական գնահատականը, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին:

Մեղադրանքի ձևակերպումը պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները, որոնք պետք է հանգեցնեն մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն:

ՀՀ վճռաբեկ դատարանը 24.08.2012թ. ԵՇԴ/0002/01/11 գործով նշել է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ բացի մեղադրյալի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից, մանրամասն և հստակ պետք է նշվեն արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը՝ հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը:

Հարկ եմ համարում նշել, որ  ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները ենթակա են կոնկրետացման նաև հաշվի առնելով նաև ՀՀ քրեական օրեսնգրքի 8-րդ և 9-րդ հոդվածներով սահմանաված՝ անձնական և ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքները:

ՀՀ Վճռաբեկ դատարանը Գ.Ճաղարյանի և մյուսների գործով նշել է, որ յուրաքանչյուր, այդ թվում՝ համատեղ  կատարված հանցավոր արարքն անհատական բնույթ ունի, ուստի հանցակիցների քրեական պատասխանատվության հացը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանից և բացառել կատարված արարքի համար հանցակիցների «հավասարաչափ», այսինքն՝ ոչ ըստ յուրաքանչյուր հանցակցի մեղքի քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:

Իրականացնելով պատասխանատվության անհատականացում՝ վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր հանցակցի մասով պետք է պարզի, թե ինչպիսին է եղել նրա դերը հանցավոր վարքագծի դրսևորման ժամանակ, ինչ մասնակցության աստիճան է նա ունեցել, ինչ ձևով է դրսևորվել այդ մասնակցությունը՝ ակտիվ, թե՝ պասիվ:

ՀՀ քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածի 7-րդ մասում իր ամրագրումը ստացած՝ հանցագործությանը հանցակիցներից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը հաշվի առնելու պարտականությունն առկա է ոչ միայն հանցակիցներին պատասխանատվության ենթարկելու, այն է՝ գործով դատավճիռ կայացնելու փուլում, այլ նաև հանցակիցներից յուրաքանչյուրին մեղադրանք  առաջադրելիս նրանց արարքին քրեաիրավական որակում տալու փուլում:

Ինչ վերաբերում է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նշված «..մի խումբ անձանց հետ…» և «…հանցավոր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով» ձևակերպումներին, ապա հարկ եմ համարում նշել, որ  ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունները չկոնկրետացնելով և չմատնանշելով, թե ով ինչ գործողություն է կատարել հնարավոր չէ պատկերացնել , թե ով ում և ինչպիսի գործողություններն է լրացրել:

Հարկ եմ համարում շեշտել, որ մինչ օրս հարցաքննված ոստիկանության աշխատակիցներ հանդիսացող տուժողները և վկաները դատաքննության ժամանակ ցուցմունք տալուց նշել են, որ ամբաստանյալներից որևէ մեկին չեն ճանաչում որպես միջադեպին մասնակիցների, նրանցից որևէ մեկի գործողությունը չեն կարող նկրագարել, ինչպես նաև նշել են, որ իրենց մոտեցող անձաց պահանջը եղել է զուտ կենցաղային, բողոքել են որ տրանսպորտ չի աշխատում, չունեն գազ, հոսանք:

Բացի այդ, հարկ եմ համարում նշել, որ  ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված արարքը «…մի խումբ անձանց կողմից…» կատարելը որակյալ որակյալ հատկանիշ չէ և մեղադրանքը 316-րդ հոդվածի 2-րդ մասով որակելու համար անհրաժեշտ է պարզել, թե կոնկրետ ով է տվյալ դեպքում իշխանության ներկայացուցչի /ների/ առողջության համար վտանգավոր բռնություն կատարել, այլապես անձին նման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելը կհանգեցնի նաև օբյեկտիվ մեղսայնացման` խախտելով ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը:

Հարկ եմ համարում նշել նաև, որ նման չկոնկրետացված և անորոշ մեղադրանքի պայմաններում ամբաստանյալները գտնվում են շարունակական կալանքի տակ և հաշվի առնելով,  այն հանգամանքը որ դատական նիստերը լավագույն դեպքում տեղի են ունենում ամիս  մեկ անգամ, այն էլ 1-2 ժամ տևողությամբ ապա խախտվում է ամբաստանյալների ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքը:

Հետևապես , հիմք ընդունելով վերնշյալը,

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

Ցուցում տալ սույն գործերով Դատարանում մեղադրանք պաշտպանող մեղադրող՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ, Գ.Գևորգյանին, կոնկրետացնելու ամբաստանյալներ՝ Էդուարդ Կառլոսի Զեյթունյանին, Հարությունին Մարտինի Թորոսյանին, Սարգիս Պետրոսի Արաբաջյանին, Կարեն Բարեղամի Վանոյանին, Անդրանիկ Քյոսեյանին և Սարգիս Մառլենի Գրիգորյանին /և մյուս ամբաստանյալների/ առաջադրված մեղադրանքը, որի արդյունքում նրանցից յուրաքանչյուրի գործողություններին ճիշտ իրավական գնահատական տալ, կամ հրաժարվել մեղադրանքից:

Ցուցում տալ մեղադրողին՝ չառարկելու,  ամբաստանյալներ՝ Էդուարդ Կառլոսի Զեյթունյանի, Հարությունի Մարտինի Թորոսյանի, Սարգիս Պետրոսի Արաբաջյանի, Կարեն Բարեղամի Վանոյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Սարգիս Մառլենի Գրիգորյանի, նկատմամբ ընտրված խափանմանի միջոց կալանավորումը  փոփոխելու կամ վերացնելու պաշտպանների միջնորդությանը, կամ հանդես գալ նման միջնորդությամբ :

 

 

Նույն շարքից