Հայաստան Քաղաքականություն 

ԲՀԿ-ն ունի բոլոր իրավունքները մեծամասնություն վերցնելու համար. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցում բանակցություններին, որոնք տարվում են իր կուսակցության և Նիկոլ Փաշինյանի միջև՝ կապված մարզպետների հարցի հետ:
Ավելի վաղ տեղեկություններ էր հայտնվել այն մասին, որ ԲՀԿ-ն 4 մարզպետ է ունենալու: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ մարզպետների կազմն ամբողջությամբ փոխվելու է:
Այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Զոհրաբյանը նշեց՝ եթե հստակ պայմանավորվածություն լինի, լրագրողներն այդ մասին կիմանան, իսկ բանակցությունները վարում է անձամբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Զոհրաբյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ն չի աշխատում ընտրությունից ընտրություն, տարածքային գրասենյակները միշտ բաց են եղել և բաց են նաև այս օրերին

Խոսելով արտահերթ ընտրությունների ժամկետների մասին՝ Զոհրաբյանն ասաց, որ երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ, որի իրավական հանգուցալուծումը պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները. «ԲՀԿ-ն հենց վաղը պատրաստ է գնալ ընտրությունների, սակայն մենք հասկանում ենք, որ մինչև ընտրությունները մենք իրավական խնդիրներ պետք է լուծենք՝ ԸՕ, ռեյտինգային ընտրակարգի հանում, միասնական մատնահետքի շտեմարանի ներառում, կամ որևէ այլ մեխանիզմ, որը կբացառի կրկնաքվեարկությունները:

Ծառուկյան խմբակցության պատգամավորը վստահություն հայտնեց, որ ցանկության դեպքում հնարավոր կլինի մինչև խորհրդարանի արձակուրդ գնալը՝ հուլիսին, ավարտել փոփոխությունները. «Ես իրատեսական եմ համարում աշնանն ընտրություններ անցկացնելը, և ԲՀԿ-ն ունի բոլոր իրավունքները մեծամասնություն վերցնելու համար: Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է»:

 

Նույն շարքից