Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հեսա կսկսեն, խեղճ Նիկոլին ինչ օրի կքցեն. Սեյրան Սարոյան

analitik.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը չի ճանաչում նոր կառավարության անդամներին:
Այսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դեռ նոր են եկել, ջահել են, թող աշխատեն, վատ բան չկա:

Խոսելով այն մասին, որ ԱԱԽ նորանշանակ քարտուղարը դեմ է արտահայտվել ազգ-բանակ հայեցակարգին՝ Սարոյանն ասաց, որ ծանոթ չէ հայտարարությանը, սակայն մի բան կասի, որ հիմա բոլորը պետք է բանակի կողքին լինեն:

Սարոյանը նշեց, որ նոր սերնդի ներկայացուցիչ քաղաքական գործիչները եթե նամուս ունենան, թասիբ ունենան, կաշառք չեն վերցնի, ինչի համար ինքը միայն ուրախ կլինի:

Հարցին, թե պատրաստ է ինքն արդյո՞ք որպես ընդդիմություն փողոցային պայքար ծավալել, ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, որ ինքն առողջություն չունի քուչաներն ընկնելու համար:

Ինչ վերաբերում է նրան, թե կկարողանա արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը բանակցություններ վարել արցախյան հիմնախնդրի շուրջ, Սարոյանը նշեց, որ դեռ որևէ բան չի կարող ասել, նույնիսկ մեկ հանդիպում չի եղել. «Ես ինչ ասեմ, ի՞նչ իմանամ՝ Նիկոլն ինչ կանի: Բայց մենք չենք կարող կասկածել, որ Նիկոլը հայրենասեր, թասիբով տղա ա: Մի հատ Նիկոլ, տեսա՞ք, սաղին խառնում ա իրար: Թող հիմա Նիկոլը դնի նայի, թե ինչի մասին ա խոսացել մինչև հիմա, էտ հարցերին լուծում տա, կդառնանք կարգին պետություն»:

Հարցին, թե հույս կա արդյո՞ք, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա փոփոխություներ բերել, Սարոյանն ասաց, որ այդ մասին պետք է վերջինիս հարցնել. «Թող Նիկոլ Փաշինյանը դառնա լավ պետական գործիչ, մենք էլ սաղ ազգով ծափ տանք: Սերժ Սարգսյանը դարձավ լավ ազգային գործիչ»:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանին ծափ չտվեցին, պատգամավորն ասաց, որ մեր ազգը որևէ մեկին ծափ չի տալիս. «Մենք ղեկավար չենք սիրում: Հեսա կսկսեն, խեղճ Նիկոլին ինչ օրի կքցեն: Հենա արդեն սկսել եք, ուզում եք վատ բան ասեմ Նիկոլի մասին, չեմ ասելու»:

 

Նույն շարքից