Հասարակություն 

Շվեդիայից ժամանած անտառկառավարողներն այցելել են ԲՀՊՏ-ներ

analitik.am

Շվեդիայից ժամանած 23 անտառսեփականատեր և անտառկառավարող այցելել են Հայաստան, եղել «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում՝ ծանոթացել բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանությանը, պահպանման առանձնահատկություններին և կարողություններին։
Շվեդ անտառկառավարող¬ները հյուրընկալվել են նաև Տավուշի մարզի Կողբ գյուղից 9 կմ հեռավորության վրա գտնվող ՀՀ բնապահպանության  նախարարության  «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի բնապահպանական ուսումնական կենտրոնում, շրջայց կատարել «Զիկատար» պետական արգելավայրի անտառներում, ծանոթացել դեռևս 1970-80 ական թվականների ստեղծված փորձահրապարակներին:
Մասնագիտական քննարկման ժամանակ շվեդական խմբի ղեկավար դոկտոր Ա․Վեստերլանդը ներկայացրել է Շվեդիայի  անտառների, դրանց սեփականության ձևերի և կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվություն: «Շուրջ 25 միլիոն հեկտար անտառներով հարուստ երկրում` անտառապատվածությունը 55%(հինգ անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը),  հաշվառված են 350 հազար անտառսեփականատերեր։ Մեր խմբի անդամների սեփական անտառների մակերեսները 50-400 հեկտարի սահմանում են, որտեղ  պարբերաբար իրականացվում են անտառանյութի պատրաստման և վերականգնման աշխատանքներ: Շվեդիայում տարեկան հատվում է մոտ 80 միլիոն մ3 բնափայտ, ընթացիկ տարեկան աճը կազմում է մոտ 100 միլիոն մ3, հատված տարածքներում պարտադիր իրականացվում են անտառվերականգնման միջոցառումներ, որից անտառը բնականոն զարգանում և շատ լուրջ ներդրում է ունենում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ»- նշել է խմբի ղեկավարը:
«Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Ղուլիջանյանը ներկայացրել է Հայաստանում վերջին շրջանում  անտառային  ոլորտում իրականացվող բարեփոխումների և կենտրոնի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն: Նա նշել է, որ «Զիկատար» արգելավայրի և շրջակա տարածքներում առկա են էկոտուրիզմի ծառայությունների մատուցման և զարգացման լուրջ նախադրյալներ /հարուստ կենսաբազմազանություն, պատմամշկութային և բնության հուշարձաններ, կացարաններ, խաղահրապարակներ, ջրավազաններ և այլն/, ինչն էլ հաշվի առնելով,  «ENPI   FLEG»  ծրագրի  շրջանակներում  ստեղծվել է էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոն: Նա նաև տեղեկացրել է, որ Զիկատարի անտառում  2008 և 2013 թվականներին սկանդինավյան երկրների շուրջ 50 ներկայացուցիչների մասնակցությամբ անց են կացվել բնության մեջ կողմնորոշման մրցումներ։
Հյուրերին տեղեկացվել է նաև, որ «Զիկատար» ՊՈԱԿ-ն «Անտառհետազոտողների միջազգային կազմակերպությունների միության»  անդամ է, որը զբաղվում է անտառագիտական խնդիրներով և ԱՊՀ երկրների հերթական 9-րդ կոնֆերանսն  առաջին անգամ անցկացվել է այնտեղ` երեսուն երկրներից ժամանած քառասուն անտառագետների մասնակցությամբ:

Նույն շարքից