Հայաստան Քաղաքականություն 

Այսօր հանձնարարել եմ խախտումների վերաբերյալ փաստերն ուղարկել իրավապահ մարմիններին. Մանե Թանդիլյան

analitik.am

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ՖԲ էջում գրառում է կատարել.

Հարգելի հայրենակիցներ, լրագրողներ, ֆեյսբուքյան ընկերներ,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իմ կողմից գլխավորելու առաջին մեկ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 15-21-ին, կտրուկ ավելացել է նախորդ համեմատելի ժամանակահատվածում նախարարությանը և անձամբ ինձ հասցեագրված դիմումների քանակը՝ 3.5 անգամ՝ հասնելով 211 դիմումի։ Եվ սա ընդամենը մեկ շաբաթում, չհաշված սոց․ցանցերը։ Հարյուրավոր դիմումներ, բողոքներ, առաջարկություններ եմ ստանում նաև ֆեյսբուքի միջոցով։ Ակնհայտ են հասարակության դրական սպասումները՝ տարիների ընթացքում կուտակված խնդիրների լուծումները մարդկանց համար դարձել էին չկատարվող երազանքեր, և նոր իշխանությանից յուրաքանչյուր քաղաքացի սպասում է բոլոր խնդիրների շուտափույթ լուծում:

Անվերջանալի թվացող այս խնդիրները պահանջում են արագ և արդյունավետ, որոշ դեպքերում՝ հեղափոխական, լուծումներ։ Սրանով է պայմանավորված իմ անձնական ծանրաբեռվածությունը՝ կապված քաղաքացիների ընդունելության, լրագրողների հետ շփման հետ: Իմ քաղաքական գործունեությունը միշտ եղել է թափանցիկ, նախարարի պաշտոնում այդ ամենը լինելու է ավելի մեծ պատասխանատվությամբ:

Հարգելի հայրենակիցներ,

Յուրաքանչյուր խնդրի ծանոթանալով անձամբ՝ ուսումնասիրել եմ նաև ազատամարտիկներին, զինվորականներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող հաշմանդամության խմբի հետ կապված խնդիրը: Հսկողական փորձաքննության շրջանակներում հայտնաբերվել են դեպքեր, երբ հաշմանդամության խմբերը տրվել են առանց հիմնավորող փաստաթղթի, դիտարկվել են խախտումների այլ դեպքեր։

Բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա համակարգային խնդիրներից ելնելով՝ այսօր հանձնարարել եմ դադարեցնել հսկողական վերափորձաքննությունները և խախտումների վերաբերյալ փաստերը ուղարկել իրավապահ մարմիններին:
Միևնույն ժամանակ, չարաշահումների արդյունքում վիճելի կարգավիճակում հայտնված անձանց մասով քննարկվում են հնարավոր շուտափույթ լուծումները, որի արդյունքում այդ անձինք կշարունակեն ստանալ իրենց գումարները մինչև հարցին կտրվի ամբողջական և վերջնական լուծում:

Մենք հասկանում ենք, որ սոցիալապես անապահով յուրաքանչյուր քաղաքացու, ընտանիքի մեկ օր ավել աղքատությունը անընդունելի է, և անում ենք առավելագույնը արագ դրական արդյունքներ արձանագրելու համար:

Հարգանքներով՝
Մանե Թանդիլյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Նույն շարքից