Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Դուք կարող եք հույս դնել մեզ վրա. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Ինչպես գիտեք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը վավերացվեց ԱԺ-ի կողմից, հունիսի 1-ից մտնում է ուժի մեջ՝ իր անցումային դրույթներով, այն է 80 տոկոսից ավելին: Այսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Ապա, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Աշոտյանը ցանկացավ իմանալ, թե ինչ է արել կառավարությունը, որպեսզի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագրի իրագործումը պլանավորվի և կյանքի կոչվի. «Այս տարի ստորագվեց «ԵՄ-Հայաստան գործընկերության գերակայություններ» փաստաթուղթը, արդյո՞ք այդ փաստաթուղթը վերանայվելու է:  Անցած տարի հաստատվեց Եվրամիության կողմից Հայաստանին մինչև 2020 թվականը տրվող ֆինանսական աջակցության ծավալը (160 միլիոն): Արդյո՞ք կառավարությունը բանակցելու է օգնության ծավալները մեծացնելու համար»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշեցրեց, որ ԵԼՔ խմբակցությունը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացմանը. «Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է, բայց ԵՄ երկրների կողմից վավերացման գործընթացն ընթացքի մեջ է, և մենք ԵՄ գործընկերների հետ շփումների ընթացքում այդ հարցը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում՝ ակնկալելով, որ այդ գործընթացը կարագանա: Երեկ այդ հարցը քննարկվել է Կիպրոսի Սենատի նախագահի հետ, և մենք հույս ունենք, որ ԵՄ երկրները հնարավորինս արագ փաստաթուղթը կվավերացնեն: Ինչ վերաբերում է ֆինանսական օգնության ծավալներին, մենք այդ ուղղությամբ ևս կաշխատենք: Հիմա կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը, մեզ հետ քննարկումների արդյունքում, ֆինանսական աջակցություն ցուցաբերելու լայն պատրաստակամություն է ցուցաբերում: Պետք է քննարկել այդ օգնությունը հնարավորինս արդյունավետ օգտագործելու խնդիրները»:

Աշոտյանն իր արձագանքում նշեց, որ համաձայնագրի վավերացման հարցում վարչապետը կարող է հույս դնել խորհրդարանական դիվանագիտության վրա:

 

Նույն շարքից