Բարի օր Վերլուծական 

Քաղաքագետ. Հայաստանի հեղափոխությունը նման է լատինամերիկյան ժողովրդավարական շարժումներին

analitik.am

Ամերիկյան Ջորջթաունի համալսարանում կայացել է Հայաստանի ապագայի վերաբերյալ քննարկում՝ կազմակերպված ամերիկյան ռազմավարական կենտրոնների կողմից: Բանախոսներն էին Վարդան Օսկանյանը, Սալպի Ղազարյանն ու Աննա Օհանյանը.

«Դա Հայաստանի հաջողությունն էր: Դա հայկական ժողովրդական շարժում էր»,- այսպես է գնահատում Հայաստանի վերջին հեղափոխական զարգացումներն ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հեֆերնն ամերիկյան մի շարք առաջատար ռազմավարական կենտրոնների կազմակերպած քննարկմանը հետհեղափոխական Հայաստանի ապագայի մասին:

Մասնակից բանախոսներն ընդգծել են շարժման դրական բնույթը: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այն համարում է հիանալի հնարավորություն Հայաստանի համար:

«Կարծում եմ ունենք հիանալի հնարավորություն փոփոխություններ արձանագրելու ոչ միայն ներքին, այլ նաեւ տարածաշրջանային և արտաքին քաղաքական խնդիրներում»,- նշում է Օսկանյանը

Վերջինս ընդգծում է, որ Հայաստանում ընթացած փոփոխությունները մեծ ուշադրություն են սևեռել իրենց վրա ամբողջ աշխարհում, հատկապես այնտեղ, ուր հետաքրքրված են Հայաստանով ու տարածաշրջանով:

«Այսօր մեր խնդիրն է կարողանալ բացատրել ստեղծված իրավիճակը, ցույց տալ հեռանկարներն ու խնդիրներ դնել միջազգային հանրության առաջ, թե որոնք են Հայաստանի իրական կարիքները, որպեսզի հնարավոր լինի այս բոլորը հասցնել վերջնական ավարտին»,- ասում է Օսկանյանը:

Նախկին արտգործնախարարը չբացառեց նոր իշխանությունների կողմից արտաքին քաղաքականության ոլորտում նոր մոտեցումների որդեգրումը: Ըստ նրա ՝ Հայաստանը պետք է վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը: Օսկանյանը հատկապես կարևորում է Հայաստան-Վրաստան հարաբերությունների խորացումը՝ առաջարկելով ստեղծել Հայաստան-Վրաստան հատուկ կառավարական հանձնաժողով՝ թասք ֆորս:

«Ես կարծում եմ, մեր տարածաշրջանային քաղաքականության մեջ անհրաժեշտ է շեշտադրումների փոփոխություն, հատկապես Հայաստան-Վրաստան հարաբերություններում: Մեզ հաջողվել է հավասարակշռություն մտցնել մեր արտաքին քաղաքականությունում, որը հնարավորություն կտա խորացնել հայ-վրացական հարաբերությունները: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, իսկ Վրաստանը ՝ գեոպոլիտիկ»,-- ասում է Օսկանյանը:

Քննարկման մեկ այլ բանախոս՝ Սալբի Ղազարյանը հեղափոխական այս ալիքի ծնունդը կապում է մի շարք բացասական և դրական գործոնների հետ, որոնց թվում են թերի պետական համակարգն ու այդ համակարգը բռնագրավելու վարչապետ Սարգսյանի փորձի օրինականացումը: Բացի այդ, ըստ Ղազարյանի, այս շարժման ծավալման ու հաջողությանը զգալիորեն նպաստել են Փաշինյանի ու նրա կողմնակիցների կազմակերպած հանրային ելույթներն ու այլընտրանքային ԶԼՄ զարգացումը, որոնք հնարավորություն տվեցին ուղիղ եթերում հաղորդել ընթացիկ գործընթացների մասին:

Նա Հայաստանում հեղափոխության հաղթանակը դիտարկում է արդարության վերականգման տեսանկյունից:

«Վերջիվերջո մարդ կցանկանա ապրել արդար և այդ արդարությանը կձգտի այն գործիքներով, որն ունի: Այս պարագայում Փաշինյանի շարժումը գործիք ընձեռեց ժողովրդին, որպեսզի լուծման ճանապարհներ գտնվեն», ասում է Ղազարյանը:

Քաղաքագետ Աննա Օհանյանն էլ իր հերթին ընդգծել է, որ այս հեղափոխության միջոցով հնարավորություն ընձեռվեց ձերբազատվել տարիներ ի վեր ձևավորված ավտորիտար համակարգից:

«Սառը պատերազմի ավարտն առաջացրեց ժողովրդավարական հեղափոխությունների ալիք: Վերջիններիս մեծ մասը սակայն հետընթաց ապրեց դեպի ավտորիտարիզմ, և Հայաստանի ավտորիտարիզմն այս գործընթացի արդյունք էր»,- ընդգծել է Օհանյանը:

Ըստ քաղաքագետի, Հայաստանի հեղափոխությունն իր բնույթով նման չէ գունավոր հեղափոխություններին, այլ համեմատելի է լատինամերիկյան հեղափոխական շարժումների հետ: Նա առանձնացրել է մի շարք գործոններ, ներառյալ սոցիալական բողոք, զանգվածային մոբիլիզացիայի առկայություն ու շարժման խաղաղ բնույթ, որոնք բնորոշ են եղել նաև Լատինական Ամերիկայի ժողովրդավարացման գործընթացին:

Աղբյուրը՝ amerikayidzayn.com

Նույն շարքից