Հասարակություն 

Գործողությունները սկսված են, արդեն կան բերման ենթարկվածներ, հրավիրված անձինք. ԱԱԾ տնօրեն. Ազատություն

analitik.am

«Մենք ասել էինք, որ ամսի 23-ից ակտիվ գործողություններ կսկսենք, գործողությունները սկսված են և առաջիկա օրերին հրապարակումները կլինեն», - այսօր կառավարության նիստից առաջ «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք՝ Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր, որ շուտով կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով։ Վանեցյանը նշել էր՝ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։

ԱԱԾ ղեկավարն ասել էր, որ ինքը կողմ է, որպեսզի կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանցից առգրավվեն պետությունից գողացված միջոցները և վերադարձվեն պետական բյուջե։

ԱԱԾ տնօրենը նաև ասել էր, որ այս ամիս, երբ ինքը վերադառնա Սանկտ Պետերբուրգից, արդեն կլինեն բացահայտումներ, կհրապարակվեն անուններ։

Վանեցյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Ես չեմ ասել, որ 350 հոգին ամսի 23-ին բերման են ենթարկվելու, կամ հայտարարվելու է, բայց Ձեզ ասեմ, որ կան հրավիրված բազմաթիվ անձինք, կան բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին։ Դա բարդ և ծանր, մեծ ծավալ ունեցող աշխատանք է, որը մենք ամբողջ ծավալով իրականացնում ենք, և մենք պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարց չառաջանա դրա հետ կապված, դրա համար պետք է այդ ամենն անենք շատ պրոֆեսիոնալ կերպով, և դրա համար մեզ մի քիչ ժամանակ է պետք։ Բայց ամսի 23-ից, ես ոնց որ նշել էի, արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, հրավիրված անձինք, տրվել են բացատրություններ, և մեր նախնական օպերատիվ տվյալներն այս փուլում ես կարող եմ ձեզ ասել, որ հաստատվել են»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից