Հասարակություն 

Երևանի դրոշը հասել է տիեզերք

analitik.am

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում բնակվող հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի և Երևանի դրոշներն ուղարկվել են տիեզերք՝ Միջազգային տիեզերակայան:

Դրոշները տիեզերք են ուղարկվել մարտի 21-ին տիեզերագնացներ Օլեգ Արտեմևի, Էնդրյու Ֆոյթելի և Ռիչարդ Արնոլդի հետ: Կայանում վերջիններիս դիմավորել են տիեզերագնացներ Անտոն Շկապլերովը («Ռոսկոսմոս», ՌԴ), Սքոթ Թինգլը (ՆԱՍԱ, ԱՄՆ), Նորիշիգե Կանային (JAXA, Ճապոնիա):

Տիեզերագնացներ Շկապլերովը և Արտեմևը կայանում ծածանել են Երևանի և Հայաստանի խորհրադանիշերը:

Այժմ Հայաստանի և Երևանի դրոշները հերթական պտույտն են կատարում մոլորակի շուրջ: ՌԴ տիեզերագնացները Երկիր կվերադառնան սեպտեմբերին:

Բարերար Հրաչյա Պողոսյանի այս նախաձեռնությունը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Դրոշները տիեզերք ուղարկելու առաջարկով Պողոսյանն առաջին հերթին դիմել էր ՌԴ Տիեզերագնացության ֆեդերացիայի Հյուսիս-արևմտյան բաժնի առաջին փոխնախագահ Օլեգ Մուխինին: Միևնույն ժամանակ օրհնություն ստանալու համար բարերարը դիմել է Հայ Առաքելական եկեղեցուն:

2018-ին Երևանը նշում է հիմնադրման 2800-ամյակը. այս տարի մայրաքաղաքի տոնակատարության միջոցառումները կկայանան սեպտեմբերի 29-30-ին, ինչի առթիվ մի շարք միջոցառումներ են նախատեսվում: Բացի այդ, տոնակատարությամբ պայմանավորված Երևան են ժամանելու նաև բազմաթիվ հյուրեր: 

Նույն շարքից