Քաղաքական սատիրա 

Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել թե՛ թուրքական ժխտողականությունը, թե՛ Ադրբեջանի հանցագործությունները. Շարմազանով

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 25-ին Բրատիսլավայում մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի բացմանը: ԱԺ փոխնախագահն իր ելույթում նշել է.

«Հարգելի գործընկերներ,

տիկնայք եւ պարոնայք,

այս տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը. այն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Այս կոնվենցիան Միացյալ ազգերի կոնվենցիաներից առաջինն էր, որն անդրադառնում էր մարդկության խնդիրներին: Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական Թուրքիայում հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկն էր, որը խլեց ավելի քան 2 մլն անմեղ քրիստոնյաների կյանք:

Հարգելի՛ պարոն Դանկո, հարգելի՛ պարոն Տիտել, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել եւ ձեզ դիմել ոչ միայն որպես Ազգային ժողովի փոխնախագահ, այլ նաեւ որպես ցեղասպանությունը վերապրած հայ եւ հույն ժողովուրդների հետնորդ:

Նախքան ցեղասպանության դեպքերին անդրադառնալը, կցանկանայի խոսել այդ սոսկալի աղետի սկզբնաղբյուրի մասին: Ես կվիճարկեի այն միտքը, որ այս հանցագործությունն Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով առաջացած քաոսային երեւույթ էր: Այն սկիզբ է առել դեռեւս Սուլթան Աբդուլ Համիդի օրոք՝ 19-րդ վերջում եւ 20-րդ դարի սկզբում, երբ քրիստոնյաների սպանդ էր տեղի ունենում, այդ թվում էր նաեւ 1909 թվականին 30.000 հայերի կոտորածն Ադանայում:

Ավելին, 1911 թվականին Սալոնիկում երիտթուրքերի կողմից անցկացված գագաթաժողովի ժամանակ բանաձեւ ընդունվեց, ըստ որի կայսրության քրիստոնյա բնակչությունը՝ որպես երկրի զարգացմանը խոչընդոտող ոչ վստահելի բաղադրիչ, դատապարտվեց ոչնչացման ու ձուլման:

1915 թվականի ապրիլի 24-ին 600 հայ գրողներ, լրագրողներ, բժիշկներ եւ գիտնականներ ձերբակալվեցին ու աքսորվեցին Անատոլիայի խորքերը: Նրանց մի մասը զոհվեց աքսորի ճանապարհին, մյուս մասն էլ այնտեղ հասնելուն պես: Ավելի ուշ՝ հոկտեմբեր ամսին, Օսմանյան կայսրության պատերազմի նախարար Էնվեր Փաշան գերմանացի ռազմական կցորդի ներկայությամբ հայտարարեց. «Մենք պետք է լուծենք հույների հարցը ճիշտ այնպես, ինչպես լուծեցինք հայկական հարցը»:

Հարկ եմ համարում նշել, որ չնայած ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, բայց ոճրագործությունները հույն բնակչության նկատմամբ շարունակվեցին: 1922 թվականի սեպտեմբերին Մուստաֆա Քեմալի զորքերը ներխուժեցին Զմյուռնիա եւ այրելով հայ ու հունական թաղամասերը` ամբողջովին ոչնչացրեցին: Ուինսթոն Չերչիլը Զմյուռնիայի այս ոճրագործությունը նկարագրել է հետեւյալ կերպ. «Քեմալը քաղաքը վերածեց մոխիրների եւ ամբողջությամբ ոչնչացրեց քաղաքի քրիստոնյա բնակչությանը»:

Հարգելի գործընկերներ, քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկն է: Այն հանցագործություն է մարդկության դեմ: Ցավոք, Թուրքիան այսօր ոչ միայն շարունակում է վարել ժխտողական քաղաքականություն, այլ նաեւ սատարում է Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությանը, որն էլ տարածաշրջանային մեծ վտանգ է: Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցագործությունների:

1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած հայերի սպանդը եւ 2 տարի առաջ ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի բնակչության, երբ անմեղ հայ զինվորներ սպանվեցին եւ գլխատվեցին, նման անպատժելիության օրինակներ են:

Վերջերս Միջին Արեւելքը կանգնեց նույն վտանգի առջեւ, ինչին հայերը, հույները եւ ասորիները մեկ դար առաջ: Անմեղ քրիստոնյաներն ու եզդիները շարունակում են ոչնչացվել իրենց ծագման եւ կրոնի պատճառով. սա անընդունելի է:

Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում Սլովակիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար եւ ցանկանում եմ ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության ցեղասպանության ժխտողականությունը, Սումգայիթում տեղի ունեցած հայերի սպանդը, 2016 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված ագրեսիան, ինչպես նաեւ եզդիների ցեղասպանությունը»:

Նույն շարքից