Բարի օր Տնտեսություն 

Իրանական գազը սահմանի վրա առաջարկվում է 165 դոլարով. էներգետիկայի նախարար

analitik.am

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը բացահայտել է, թե որքան արժի իրանական գազը Հայաստանի սահմանին:

«Իրանական գազը սահմանի վրա վերջին տվյալներով առաջարկվում է 165 դոլարով, ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով՝ դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախարարը:

Նա, սակայն, նկատել է, որ չեն դադարեցնում բանակցություններն ավելի էժան գազի մատակարարման շուրջ: «Այդ բանակցությունները մշտապես լինելու են, մենք իհարկե փորձելու ենք էժան գազի այլ աղբյուրներ փնտրել»,- նշել է Արթուր Գրիգորյանը:

Հայաստանն ու Իրանը ստորագրել են էլեկտրաէներգիա-գազ փոխանակման համաձայնագիրը 2004-ին, որի համաձայն, Իրանից մատակարարվող յուրաքանչյուր 1 խմ բնական գազի դիմաց Իրան է առաքվում 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանից Իրան տարեկան առաքվում է մոտ 1,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա:

 

Նույն շարքից