Գլխավոր Քաղաքականություն 

Ինչ հարցեր են քննարկվել. Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

analitik.am

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետեւ տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա նաև ասել է, որ մայիսի 28-ին Հայաստանը ևս կնշի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը։

Հանրապետության Նախագահը և վարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ փաստել են երկու բարեկամ երկրների դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները, և նշել, որ հպարտ են ընդհանուր պատմությամբ, որի ընթացքում սովորել են միմյանցից և այսօր ուրախ են միմյանց հաջողություններով։

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, առկա ներուժի առավելագույնս օգտագործումը։ Նրանց համոզմամբ, հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Հատկապես կարևորվել է ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին։ Վրաստանի վարչապետը,  գոհունակությամբ արձանագրելով իրավիճակի քաղաքակիրթ և խաղաղ հանգուցալուծումը, կարևորել է Նախագահ Սարգսյանի դերն ու ջանքերն այդ գործընթացներում և նշել, որ շահագրգիռ են հարեւան երկրի կայունությամբ։ Հանրապետության Նախագահն իր հերթին ասել է, որ համատեղ բոլոր ծրագրերը ոչ միայն շարունակվելու են, այլև՝ ընդլայնվելու։ «Մենք հետաքրքրված ենք լավագույնս օգտագործելու տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ողջ ներուժը»,-շեշտել է նա։

Նույն շարքից