Քաղաքականություն 

Հայերն ու վրացիներն ուս-ուսի դիմադրել են օտար բռնակալներին. Զոհրաբ Մնացականյան

analitik.am

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Վրաստանի Պետական անկախության վերականգնման 100-ամյակին նվիրված ընդունելությանը.

Մեծարգո դեսպան,

հարգարժան հյուրեր,

տիկնայք և պարոնայք,

Սրտանց շնորհավորում եմ Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:

Ինձ համար պատիվ է մասնակցել մեր բարեկամ երկրի համար կարևորագույն այս տոնակատարությանը, որի առիթն ընձեռվել է մեկ դար առաջ, երբ վրաց ժողովուրդն անկախության նվիրական գաղափարը կյանքի կոչելու և նորագույն պատմությունը կերտելու բացառիկ հնարավորություն ստացավ:

Հայ-վրացական հարաբերությունների տարեգրությունը հարուստ է եղբայրական ժողովուրդների բարեկամության ավանդույթներով և քաղաքակրթական բազմաթիվ ընդհանրություններով: Անհիշելի ժամանակներից ի վեր բնակվելով կողք-կողքի մեր ժողովուրդները կիսել են միմյանց վիշտն ու ուրախությունը: Այսօրվա մեր տոնակատարությունն էլ բացառություն չէ և, մինչ կիսում ենք եղբայր վրաց ժողովրդի բերկրանքը, խորհրդանշական է, որ հայկական տոնացույցն էլ ընդամենը օրեր հետո նշելու է Հայաստանի անկախության 100-ամյա տարեդարձը:

Դարեր շարունակ հայ և վրաց ժողովուրդները պայքարել են հանուն իրենց հայրենի հողում ազատ ապրելու ու արարելու իրավունքի: Պատմությանը հայտնի են բազմաթիվ դրվագներ, երբ մեր ժողովուրդներն ուս-ուսի դիմադրել են օտար բռնակալներին:

Այսօր, մեկդարյա փորձառությամբ հարստացած և որպես ինքնիշխան պետություններ աշխարհի քաղաքական քարտեզի վրա կրկին վերահաստատված, մեր երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են արձանագրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում և թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ: Ասվածիս վառ վկայությունն է Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցությունը Թբիլիսիում Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանական միջոցառումներին:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք նոր ազդակ հաղորդելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների եղբայրական կապերի ամրապնդման:

Պատեհ առիթն օգտագործելով՝ ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ տոնի կապակցությամբ, մաղթում Վրաստանին և վրաց ժողովրդին բարօրություն և բարգավաճում, բազում ձեռքբերումներով ուղեկցվող զարգացման վերընթաց ճանապարհ:

Կեցցե հայ-վրացական դարավոր բարեկամությունը:

Շնորհակալություն:

Նույն շարքից