Քաղաքականություն 

Մեզ համար առանցքայինն ազգային շահն է. Բաբլոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողին

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 25-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Յուլիա Լյովոչկինային:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում` Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին զարգացումներին: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ տեղի ունեցած իրադարձությունները վկայում են մեր երկրի` ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու մասին: «Մեզ համար կարևորը երկրում կայունության ու անվտանգության ապահովումն է»,-ասել է ԱԺ նախագահը:

Արա Բաբլոյանի խոսքով` Հայաստանն այս տարիների ընթացքում քայլ առ քայլ իրականացրել է Եվրոպայի առջև ստանձնած պարտավորությունները և հաստատակամ է համագործակցությունն առավել ընդլայնելու ու զարգացնելու հարցում:

Յուլիա Լյովոչկինան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է այն փաստը, որ Հայաստանում ներքաղաքական խնդիրը հանգուցալուծում ստացավ փոխըմբռնման և խաղաղ ճանապարհով:

Հյուրի խնդրանքով Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:

Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է մինչ այս կատարված աշխատանքը` հավելելով, որ բարեփոխումները շարունակական են լինելու: Արա Բաբլոյանը հավաստիացրել է, որ մասնավորապես կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես եղել է և կլինի ուշադրության կենտրոնում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ ԱԺ նախագահն ասել է. «Բոլոր հարցերը պետք է լուծվեն քննարկումների սեղանի շուրջ` քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում: Մեզ համար առանցքայինն ազգային շահն է, որը վեր է ամեն ինչից»:

Արա Բաբլոյանը նշել է, որ կառավարության այն ծրագրերը, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը, կստանան խորհրդարանական մեծամասնության աջակցությունը:

 

Նույն շարքից