Այսօր՝ մայիս 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով Վերջին զանգի հետ կապված դրամահավաքի մասին, նշեց, որ իր տվյալներով ձեռնարկված քայլերն արդյունք տվել են՝ դրամահավաքն ամբողջությամբ չի վերացվել, բայց ինչ-որ տոկոսով պակասել է, իսկ նախկինում հավաքված գումարների մի մասն էլ վերադարձվել է:
Նախարարի խոսքերով, եթե դպրոցներում աշակերտները, աշխատողները բողոք ունեն, պետք է գրավոր տեսքով դիմեն իրեն և ինքը կփորձի միասին լուծում տալ խնդիրներին. «Նախկինում որոշ տնօրեններ, ուսուցիչներ ծայրահեղ անթույլատրելի քայլերի են դիմել և բնական է, որ հեղափոխությունից հետո տարբեր դպրոցներում սկսելու էին պահանջել այդ մարդկանց հրաժարականը: Հիմա կփորձենք նաև ծնողների, աշակերտների հետ համագործակցելով լուծել այդ խնդիրները: Որտեղ որ հանցակազմ է եղել, կփորձենք հարցը լուծել իրավապահների հետ համագործակցելով»:
Հարությունյանը նշեց, որ ԿԳ նախարարությունն անկողմնակալ արբիտորի դեր է ստանձնելու:
Ինչ վերաբերում է Մոնթե Մելքոնյանի անվան 11-րդ դպրոցին, նախարարը նշեց, որ դեռ անելիք կա, քանի որ ուսուցչական անձնակազմի մեջ լարվածություն կա: