Գլխավոր Հասարակություն 

Մանե Թանդիլյանն այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

analitik.am

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր այցելեց Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն՝ ծանոթանալու Իզմիրլյան հիմնադրամի նախաձեռնած մեծամասշտաբ շինարարական և բարեկարգման ծրագրի արդյունքներին։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարարը «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ առաջին այցի ընթացքում ծանոթացավ առանց ծնողական խնամքի մնացած հաշմանդամ երեխաների շուրջօրյա խնամքի ապահովումն իրականացնող հաստատության տարածքին, շփվեց երեխաների հետ, լսեց հիմնական խնդիրների վերաբերյալ աշխատակիցների դիտարկումները։

Այցելությանը մասնակցում էին նաև Իզմիրլյան հիմնադրամի գլխամասային գրասենյակի տնօրեն Գրեգ Ջրեջյանը, հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Վերջիններս նախարարի հետ միասին ծանոթացան կատարված աշխատանքներին, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները։

108 երեխայի խնամքն ապահովող կառույցն արդեն 5 տարի աշխատում է բացառապես հաշմադամություն ունեցող երեխաների համար։ Մանկատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հակոբյանը նշեց, որ վերջին շինաշխատանքների շնորհիվ այսօր մանկատունն ունի հաշմանդամ երեխաների խնամքի համար անհրաժեշտ գրեթե բոլոր ենթակառուցվածքները։

Այնուամենայնիվ, մանկատան աշխատակիցների դիտարկմամբ՝ դեռևս առկա են տարաբնույթ հիմնախնդիրներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային փոփոխություններ: Գերակա խնդիրների շարքում շարունակում են մնալ չափահաս դարձած սաների կացության, ինչպես նաև՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում նրանց ինքնաիրացման մարտահրավերները:

Թիրախավորված աջակցության կարիք ունեն նաև այն ընտանիքները, որոնք ցանկություն ունեն իրենց երեխաներին տուն վերադարձնելու, սակայն սոցիալական պայմաններն ու բժշկական օգնությանն առնչվող խնդիրները թույլ չեն տալիս դա անել։ Նախարարը նշեց, որ այս խնդիրներն իր ուշադրության կենտրոնում են, սակայն դրանց լուծման համար կարևոր է ոլորտին առնչվող բոլոր գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

Շրջայցից հետո հյուրերը դիտեցին մանկատան սաների մասնակցությամբ ուրախ միջոցառում։ «Ես ուրախ եմ, որ ծանոթացա ձեզ հետ, դուք շատ լավ երեխաներ եք, գեղեցիկ ու տաղանդավոր»,- նշեց նախարարը՝ իր երախտագիտությունը հայտնելով բոլոր այն կառույցներին, որոնք օգնում են պետությանը՝ հոգ տանելու հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների մասին։

Իզմիրլյան հիմնադրամի նախաձեռնած շինարարական աշխատանքներն իրականացվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։ Տարածքը հարմարեցվել է երեխաների կարիքներին, ջերմամեկուսացվել են շենքի կողային ճակատները, կատարվել են նաև բակի ասֆալտապատման, ցանկապատի վերանորոգման աշխատանքներ: Տարածքի կանաչապատումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Ես շնորհակալ եմ այս թիմային աշխատանքի համար»,- նշեց Գրեգ Ջրեջյանը՝ հավաստիացնելով, որ հիմնադրամը կշարունակի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ին իր աջակցությունը։

 

Նույն շարքից