Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Կառավարության անդամներից ովքե՞ր չեն ծառայել ՀՀ բանակում և ի՞նչ պատճառով

analitik.am

Վերջին շրջանում բավականին շատ խոսվեց այն մասին, որ կառավարության անդամների մեծ մասը չի ծառայել բանակում: Այս հարցի հետ կապված Analitik.am-ը հարցում արեց ՀՀ կառավարություն, որտեղից ներկայացրեցին, թե կառավարության որ անդամն ինչ պատճառով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն: Նախ նշենք, թե ովքեր են ծառայել ՀՀ զինված ուժերում.

Պարտադիր զինվորական ծառայություն անցել են 9 նախարար՝ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը , Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

ՀՀ կառավարության անդամներ, ովքեր չեն ծառայել բանակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունից նշում են, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ծառայել բանակում, քանի որ, նշվում է, որ  1990-ական թվականների սկզբում գործող օրենսդրության համաձայն, եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել էին բանակում, երրորդն ազատվում էր զինվորական ծառայությունից: Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու ավագ եղբայրները ծառայել էին բանակում, ինքն այդ ժամանակ գործող օրենքի ուժով ազատվել է զինվորական ծառայությունից:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան

ՀՀ կառավարությունից նշում են, որ 2002 թ. ավարտելով ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը, ընդունվել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան, որն ավարտել է 2005 թ.: Օրենքով սահմանված կարգով ստացել է տարկետում և զբաղվել գիտությամբ՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն: Պատմական գիտությունների թեկնածու է: 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ որպես կամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատի կազմում մեկնել է առաջնագիծ:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան

ՀՀ կառավարությունից նշում են, որ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ուսումնառության ընթացքում՝ 2005-2009 թվականների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում է ստացել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի «ա» կետի համաձայն, որից հետո նույն օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետի համաձայն օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

ՀՀ կառավարությունից նշում են, որ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան ընդունվելու կապակցությամբ ստացել է  տարկետում տվյալ ժամանակահատվածում գործող օրենսդրության համաձայն, այդուհետ Զինապարտության մասին ՀՀ օրենքի  24-րդ հոդվածի  1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն ընդգրկվել է պահեստազոր և 14.01.2003թ. ՀՀ ՊՆ թիվ 56 հրամանով վերջինիս շնորհվել է լեյտենանտի կոչում։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյան

ՀՀ կառավարությունից նշում են, որ 1990-1995 թթ.-ին սովորել  և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 1995-1998 թթ.-ին` Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան: Զինվորական պատրաստականությունը ստացել է ԵՊՀ-ի զինվորական ամբիոնում: Զինվորական կոչումը` լեյտենանտ: Պահեստազորի սպա է:

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյան

ՀՀ կառավարությունից նշում են, որ 1998-2003 թթ. ընթացքում սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում: 2004 թ. ՀՀ ՊՆ 20.08.2004 թ. N2922 հրամանով ստացել է բուժծառայության լեյտենանտի կոչում: Ուսումն ավարտելուց հետո չի զորակոչվել ժամկետային զինծառայության՝ տեսողական խնդիրներ ունենալու պատճառով:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ կառավարությունից նշում են, որ 1992 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որն ունեցել է զինվորական ամբիոն:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան

ՀՀ կառավարությունից նշում են, որ ուսումնառության տարիներին՝ 1989-1994  թվականներին,  անցել է զինվորական պատրաստություն ԵՊՀ  զինվորական ամբիոնում։  Ունի ավագ լեյտենանտի կոչում։

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան

ՀՀ կառավարությունից նշում են, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական խնդրի պատճառով:  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը: Մարդու անձնական կյանքին վերաբերող տվյալները սահմանված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի  1-ին մասի 12-րդ կետով, որի համաձայն անձնական կյանքի տվյալներ են՝ անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկությունները, իսկ 13-րդ կետի համաձայն կենսաչափական անձնական տվյալներ են անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկությունները: Ելնելով վերոգրյալից՝ այս պահին նպատակահարմար չի համարվում տրամադրել անձնական կյանքին վերաբերող  տեղեկատվությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան

ՀՀ կառավարությունից նշում են, որ ՀՀ պաշտպանության նախարարի 2006 թվականի 378 հրամանով (ըստ հիվանդությունների ցուցակի 2-րդ սյունակի 19 բ հոդվածի) ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար:

 

Նույն շարքից