Քաղաքականություն 

Գլոբալացման գործընթացներն ու համաշխարհային տնտեսության մեջ ՀՀ ինտեգրման հեռանկարները

analitik.am

    Համաշխարհային տնտեսության մեջ կա հասկացություն, որը ներկայացնում է ազգային տնտեսությունների հանրագումարը` ավելացրած առևտրային և ֆինանսական կապերը տարբեր երկրների միջև: Այդ հասկացությունն ի հայտ եկավ, երբ նշված կապերի մասշտաբների զարգացման հետևանքով ազգային տնտեսության շրջանակներում կատարվող գործընթացները շոշափելի կախվածության մեջ ընկան դրանց փոփոխություններից: Այդ կապերի ինտենսիվացման գործընթացը, դրանց փոխպայմանավորվածության ուժեղացումը անվանում են ինտեգրացում` կամ տարածաշրջանի կամ համաշխարհային կտրվածքով: Սակայն սա դեռ գլոբալ տնտեսությունը չէ: Վերջին հասկացությունն երևան է եկել միայն վերջին ժամանակներս` վերջին 10-15 տարիների ընթացքում: Մանուել Կաստելն այն բնութագրում է որպես « ....տնտեսություն, որն ունակ է աշխատել որպես մեկ միասնական համակարգ ժամանակի իրական ռեժիմում, ընդհանուր մոլորակի մասշտաբով....: Միայն 20-րդ դարի վերջին համաշխարհային տնտեսությունը նոր ենթակառուցվածքների հիման վրա կարողացավ իրապես դառնալ գլոբալ: Վերջիններս իրենց հերթին հիմնված էին տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների վրա»:

    Պետությունները նահանջում են իրենց անկախությունից բաց լինելու և ինտեգրման արդյունքում ձևավորվող համընդհանուր բարիքների ծավալների ավելացման համար: Վերջին հաշվով հենց դա է գլոբալ տնտեսությունը: Գլոբալ տնտեսությունը համաշխարհային տնտեսության մի մասն է, որում արդեն վերացվել կամ որոշակի նվազագույն մակարդակի են հասցվել ապրանքների, մարդկանց, կապիտալի հոսքերի խոչընդոտներն այնպես, որ կարելի է խոսել գլոբալացման` որպես ինտեգրման բարձրագույն աստիճանի մասին: Այսպիսին է ինտեգրման աստիճանը Եվրոպական միության ներսում: Գլոբալ տնտեսության նման բնորոշմանը մոտենում են «մեծ եռյակի» երկրները (Եվրոպական միություն – ԱՄՆ – Ճապոնիա):

   Տնտեսական ինտեգրման տեսանկյունից Հայաստանը ինտեգրացիոն կառուցվածքների անդամ չի հանդիսանում: ԱՊՀ անդամակցությունը, որը դեռևս չի ձևավորվել որպես արդյունավետ տնտեսական ինտեգրման կառուցվածք, հիմնականում պայմանավորված է քաղաքական շարժառիթներով և Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությամբ: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է, ինչը մյուս կողմից պայմանավորում է միակողմանի կախվածությունը Ռուսաստանից որպես էներգետիկ ռեսուրսների խոշորագույն մատակարարի: ԱՊՀ մյուս երկրների հետ տնտեսական կապերը զարգացման համար որոշիչ, բեկումնային չեն: Սևծովյան միությունը, որտեղ ենթադրվում է Թուրքիայի գերիշխանությունը, նույնպես չի կարելի համարել տնտեսական միավորման կազմակերպություն: Այստեղ պարզ չեն ինտեգրման հիմնական նպատակները, իսկ ինքը` Թուրքիան, երկար ժամանակ ձգտում է դեպի Եվրոպական Միություն, որտեղ կենտրոնացված են նրա հիմնական տնտեսական շահերը:

    Ենթադրվող ռեգիոնալ միությունները, որոնց անդամը կարող է դառնալ Հայաստանը, մասնավորապես Հարավ-Կովկասյան միությունը, չի կարող ձևավորվել մինչև Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը: Նույնիսկ այդպիսի միության ձևավորման դեպքում այն չի կարող լուծել ներքին շուկայի նեղ լինելու պրոբլեմը: (Երեք երկրների բնակչության գումարային թիվը մոտ 15 միլիոն մարդ է, այսինքն որքան Հոլանդիայում գումարային ՀՆԱ-ն` պակաս 10 միլիարդ դոլլարից, այսինքն 30 անգամ պակաս, քան Հոլանդիայում): Այս միությունը հնարավորություն չի տա նաև զարգանալ ի հաշիվ գիտելիքների ու տեխնոլոգիաների փոխանակման, քանի որ այդպիսիք բացակայում են նշված երկրներում: Այնուհանդերձ, ռեգիոնալ համգործակցության հեռանկարները պետք է առնձնահատուկ ուշադրության արժանան ծրագրի մշակողների կողմից, հատկապես ռեգիոնալ անվտանգության և ենթակառուցվածքների զարգացման առումով:

   Երկու, երեք կամ չորսկողմանի կոալիցիաների կամ առանցքների, ինչպիսիք են Իրան-Հայաստան, Ռուսաստան-Հայաստան-Իրան, հնարավորությունները կրում են զուտ տեսական բնույթ: Իրանի հետ գործնական ինտեգրման խնդիրը անհնարին է դառնում խիստ արտահայտված մշակութային և կրոնական տարբերությունների պատճառով:

   Նոր ռազմավարության ընտրության պրոբլեմի հիմնական խնդիրը հետևյալն է. Ո՞ր մոդելի հիմքի վրա է հնարավոր զարգացման ստրատեգիական նպատակի նվաճումը: Այն հնարավոր է ինքնուրույն զարգացման հիմքի վրա երկկողմանի կապերի գերակայության դեպքում, թե՞ ճիշտ ուղին տնտեսական ու քաղաքական միությունների մեջ ինտեգրումն է: Վերջինիս դեպքում պետք է հաշվի առնել ֆինանսական, տնտեսական ու քաղաքական որոշումների ընդունման ժամանակ ինքնուրույնության որոշակի կորուստը: Այս հարցն ըստ էության հանդիսանալով կարևորագույն ռազմավարական հարցը` պահանջում է բազմակողմանի հիմնավորում, ինչին և պետք է որոշակի չափով նվիրված լինի զարգացման ռազմավարությունը ընտրելու աշխատանքը:

    Հաջորդ քայլը կարող է լինել մոդելի ընտրությունը. միայնակ, թե՞ տնտեսական ինտեգրման որևէ համակարգում:

   Մյուս քայլը տնտեսական ու այլ քաղաքականությունների այն մեխանիզմների ու ինստիտուտների ընտրությունն է, որոնք պետք է ապահովեն ռազմավարական նպատակների նվաճումը:       Ինքնուրույն ճանապարհի ընտրությունն առաջադրում է մի քանի խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան: Ակնհայտորեն դրանցից հիմնականներն են.

  • գիտելիքների ու տեխնոլոգիաների արտադրության համակարգի ներդրումը և զարգացումը,
  • ներդրումների և միջազգային կորպորացիաների ընդգրկումը խիստ մրցակցության պայմաններում,
  • ռազմավարական գործընկերների ընտրությունը և նրանց հետ հուսալի երկկողմանի հարաբերակցությունների հաստատումը,
  •  ի վերջո աշխարհում սեփական տեղը գտնելը, նրա գրավումն ու ամրացումը: Այս ուղղությամբ ներկայումս ՀՀ-ում կատարվում են համապատասխան քայլեր կապված ինտեգրացիոն գործընթացների ընդարձակման հետ:

Նույն շարքից