Միջազգային 

Լուգանսկում և Դոնեցկում որոշեցին չհետաձգել հանրաքվեն

analitik.am

Ուկրաինայի Լուգանսկի մարզի հանրային խորհուրդը որոշել է չհետաձգել տարածաշրջանի կարգավիճակի շուրջ մայիսի 11-ին նշանակված հանրաքվեն:  ՌԻԱ Նովոստիին հայտնել են հարավ-արևելքի բանակի մամուլի կենտրոնում: Հանրաքվեն հետաձգելուց հրաժարվել են նաև Դոնեցկի մարզում: Այդ մասին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը:

 

«Հանրաքվեն կկայանա մայիսի 11-ին, մենք պատրաստվում ենք, քվեաթերթիկները տպվում են, ամեն ինչ ուժի մեջ Է: Ոչինչ չի փոխվի, և ոչ մի հետաձգում չի լինի»,-ասել են հարավ-արևելքի բանակի մամուլի կենտրոնում:

 

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինի խոսքով՝ հանրաքվեի հետաձգումից հրաժարվելու օգտին քվեարկել են միաձայն: 

 

Ավելի վաղ ՈՒկրաինայի ազգային անվտանգության պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտարարել Է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային հատուկ գործողությունը կշարունակվի՝ անկախ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ տարածաշրջանների որոշումից: Նրա խոսքով՝ այժմ ընթանում Է ուժերի վերախմբավորում, և բոլոր հիմքերը կան ասելու, որ հատուկ գործողությունը հաջողություն կունենա:

 

Նախօրյակին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ Էր արել Ուկրաինայի հարավ-արևելքում ֆեդերալացման կողմնակիցներին՝ հետաձգել տարածաշրջանների ինքնորոշման շուրջ մայիսի 11-ին նշանակված հանրաքվեն, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն երկխոսության համար: Դոնեցկում այսօր տեղի Է ունեցել ժողովրդական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել Է հանրաքվեի հետաձգման վերաբերյալ ռուսական պետության ղեկավարի առաջարկը:

Մինչդեռ անհայտ անձինք Դոնեցկում անցած գիշեր ոչնչացրել են հռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կարգավիճակի շուրջը հանրաքվեի անցկացման համար նախատեսված շուրջ 1 միլիոն քվեաթերթիկներ: Ըստ ականատեսների տեղեկատվության՝ անհայտ անձինք ներխուժել են տպարանի շենք և ոչնչացրել 800 հազար քվեաթերթիկ: Բացի այդ, շարքից հանվել են տպագրական սարքավորումները:

 

Համանման դեպք Է տեղի ունեցել նաև Դոնեցկի մեկ այլ տպարանում, որտեղից անհայտ անձինք հափշտակել են շուրջ 300 հազար քվեաթերթիկ և նույնպես վնասել են տպարանի սարքավորումները:  

 

Միլիցիան հայտնել Է, թե ականատեսների վկայությունների համաձայն՝ հարձակումը կատարել են «Աջ հատված» ծայրահեղական կազմակերպության արմատականները:

 

Նույն շարքից