Քաղաքականություն 

Մեր ռուս գործընկերների հետ ենք որոշել բացել ակումբը, նաև ռուսական գրքի գրադարան է բացվել. Գուրգեն Դումանյան

analitik.am

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում երկու երկրների պատգամավորները կարող են քննարկել տարբեր հարցեր: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ բացատրելով ակումբի բացման պատճառները. «Մեր ռուս գործընկերների հետ ենք որոշել բացել ակումբը, նաև ռուսական գրքի գրադարան է բացվել»:

Նշենք, որ ինչպես այսօր գրել էր «ժողովուրդ» օրաթերթը երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հիմնադիր նիստը, որին հաջորդել է «Խորհրդարանական չափում ու Եվրասիական ինտեգրման հասարակական աջակցություն» թեմայով կլոր սեղանը:

Հարցին, թե բոլորը կարող են իրենց թույլ տալ ԱԺ-ում նմանատիպ ակումբներ բացել, Գուրգեն Դումանյանը պատասխանեց. «Եթե մեր արտասահմանցի գործընկերները դիմեն, համապատասխան նախաձեռնություններով հանդես գան, նպատակահարմարությունը գնահատելուց հետո, խնդիր չի լինի: Ազգային ժողովը կարող է ծառայել տարբեր բարեկամության խմբերին որպես տարածք, որտեղ կարող են քննարկումներ տեղի ունենալ, տարբեր միջխորհրդարանական կապերի զարգացման ամրապնդման խնդիրներ լուծվել»:

Հարցին, թե ընդունելի է արդյոք, երբ Ազգային ժողովում պատգամավորները հարցեր են քննարկում ռուսերենով, ինչպես երեկ, նա նախ նշեց, որ ԱԺ-ում բոլոր խոսում են հայերեն, իսկ հետո ավելացրեց. «Ռուս գործընկերների հետ խոսում են ռուսերեն, այստեղ խնդիր չեմ տեսնում»:

Նշենք նաև, որ Գուրգեն Դումանյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ում ակումբներ բացելու նոր հայտեր չկան:

Նույն շարքից