Քաղաքականություն 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչներին

analitik.am

Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչ Միխայիլ Ուիբելի գլխավորած պատվիրակության  հանդիպման ժամանակ:    
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար:

 

<<Արդեն երկու տասնամյակ է, ինչ Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Երևանում։ Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս իմ և երևանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ու Ձեր կառույցին՝ բարեգործական առաքելության համար: Վստահեցնում եմ, որ այսուհետ էլ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում շարունակելու աջակցել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող բարեգործական ձեր բոլոր նախաձեռնություններին>>,- նշել է Տարոն Մարգարյանը: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Միխայիլ Ուիբելը նշել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական: 


<<Բարեգործությունն առավել նպատակային է դառնում, երբ առկա է տեղական կառավարման մարմնի գործուն աջակցությունը: Քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար, ինչի վառ ապացույցը նաև այն աջակցությունն է, որ ըստ ամենայնի Երևանի քաղաքապետարանը ցուցաբերում է իրականացվող սոցիալական ծրագրերին>>,- ընդգծել է Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչը: 
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Գերմանական կարմիր խաչի միջև 2013 թվականի հոկտեմբերին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում Երևան քաղաքի սոցիալապես առավել անապահով ավելի քան 400 շահառուներ Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում<<Գթության խոհանոց>> բարեգործական ծրագրի շրջանակում ապահովվում են տաք սննդով:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն 


Նույն շարքից