Քաղաքականություն 

Հովիկ Աբրահամյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծառ են տնկել

analitik.am

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ. Հովիկ Աբրահամյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 31-ին ՀՀ Աբու Դաբիում այցելել են կառուցվող Սբ. Նահատակաց հայկական եկեղեցի, ծանոթացել են շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Նորին Սրբությունը այցելել են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ասել է. «Երեկ ես պատիվ ունեցա Շարժայի Ամերիկյան համալսարանում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Պատվո շքանշան հանձնել դոկտոր Ալ Կասիմիին՝ մեր երկու երկրների միջև բարեկամության կապերի ամրապնդման և տնտեսական զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար: Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին այցելեցինք Աբու Դաբիում կառուցվող հայկական եկեղեցի: Այս երկու կարևոր իրադարձությունները ոչ միայն վկայում են մեր երկու ժողովուրդների հոգևոր կապի և ջերմ զգացմունքների մասին, այլև հանդուրժողականության, մշակույթների ու կրոնների միջև երկխոսության փայլուն օրինակ են հանդիսանում»:

 

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Դեսպանության այգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծառ են տնկել:

Նույն շարքից