Հայաստան 

Բաքուն Վաշինգտոնին խորհուրդ է տվել սեփական գործերով զբաղվել

analitik.am

Ադրբեջանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի Պետդեպի քննադատությունը սվիններով են ընդունում: ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Էլման Աբդուլաեւը, ըստ contact.az-ի, ԱՄՆ-ի Պետդեպի մամուլի քարտուղարի օգոստոսի  27-ի եւ 28-ի հայտարարություններն անհիմն եւ անընդունելի է համարում:

Խոսքը Ջեն Պսակիի հայտարարության մասին է, որը դատապարտել էր նախիջեւանցի լրագրող եւ իրավապաշտպան Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու փաստը: «Վերջին ժամանակներս մենք Ադրբեջանում սահմանափակումներ ենք տեսնում խոսքի ազատության, քաղաքացիական հասարակության  ոլորտում: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում հարգել իրենց քաղաքացիների իրավունքը, պայմաններ ստեղծել կարծիքի ազատ արտահայտման համար», - հայտարարել էր նա:

«Նման հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում եւ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու ու երկրի ներքին գործերին միջամտելու փորձ են: Այդ հայտարարությունը ոչ մի կերպ չի արտացոլում իրականությունը: Ադրբեջանում ամբողջությամբ պահպանվում են օրենքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, դատաիրավական համակարգի անկախությունը: Վատ չէր լինի, եթե ուրիշների խնդիրները վերհանելու փոխարեն ԱՄՆ-ն լրջորեն զբաղվեր իր երկրում մարդու իրավունքների ոլորտի խնդիրներով:

Դա ապացուցում են Ֆերգյուսոն քաղաքի դեպքերը: ԱՄՆ-ն, մարդու իրավունքները դարձնելով իր արտաքին քաղաքականության զենքը, իր երկրի ներսում հեռու է մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների ոլորտում իր իսկ ստանձնած պարտավորությունների կատարումից»,- հայտարարել է Էլման Աբդուլաեւը:

Հիշեցնենք, Իլգար Նասիբովին դաժան ծեծի էին ենթարկել օգոստոսի 21-ին: Փաստի առթիվ քրեական գործ մինչ այժմ  չի հարուցվել: Ոստիկանությունը պնդում է, որ քաղաքական ենթատեքստ այդտեղ չկա: Նասիբովը հարբել է եւ կռվել բաժակակցի հետ, պնդում են ոստիկանությունում: Սակայն Նասիբովը եւ այլ իրավապաշտպաններ վստահ են, որ դա վրեժ էր Նախիջեւանում Նասիբով ամուսինների իրավապաշտպանաակն ակտիվ գործունեության համար:

Նույն շարքից