Հայաստան 

ԱԺ խումբ-խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

analitik.am

Օգոստոսի 28-ին ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սենատի ընդունած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը եւ նրա ժողովրդի ազատ զարգացմանն աջակցող բանաձեւի կապակցութլամբ, որը մինչ այդ՝ մայիսի 8-ին, ընդունել էր նաեւ Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատը, ԼՂՀ Օրենսդիր մարմնի խումբ-խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Գոհունակությամբ նշելով, որ Արցախի անկախության եւ նրա ժողովրդի ազատ զարգացման աջակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների արդեն հինգերորդ նահանգի կողմից է դրսեւորվում՝ մեր երախտագիտություն ենք հայտնում Կալիֆորնիայի ազգաբնակչությանը, Արցախի բարեկամ քաղաքական գործիչներին ու մեր հայրենակիցներին, ում ջանքերի շնորհիվ է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը ստանում է նորանոր արձանագրումներ:

Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ որպես պետություն, կազմավորվել է ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում, իսկ նրա զարգացման եւ հզորացման աղբյուրը մշտապես եղել է ազատության եւ հավասարության սկզբունքը: Նահանգային օրենսդիր մարմինների բանաձեւերը հույս են ներշնչում, որ ԱՄՆ-ը, որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկիր, անարձագանք չի թողնի օրենսդիրների հորդորները եւ կսատարի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ինքնորոշված արցախահայության ձգտումները»: Հայտարարության տակ ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը:

Նույն շարքից