Քաղաքականություն 

Եթե Արցախին մի բան պատահի, բոլորս այնտեղ ենք լինելու. Սեյրան Օհանյա

analitik.am

Վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում ռազմավարական բնույթի միջոցառումներ են իրականացվում, ասել է թե ամբողջ պետությունն է նախապատրաստվում անհարժեշտության դեպքում երկիրը պաշտպանելու, Արցախին թիկունք կանգնելու համար: Երկրապահի օրվա առթիվ այսօր Եռաբլուր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Արցախի անվտանգության երաշխավորն է Հայոց բանակը, և եթե Արցախին մի բան պատահի մենք բոլորս այնտեղ ենք լինելու և անհրաժեշտության դեպքում պայքարելու ենք ամեն մի թիզ հողի համար»,-վստահեցրեց նախարարը:

Նախարարին հարց ուղղվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Արցախի վերաբերյալ հայտարարության մասին, որին նա պատասխանեց. «Եկեք լավ բաների մասին խոսենք, խոսենք այսօրվա տոնի մասին, որը պետք է շարունակական լինի նաև վաղը: Սա հայ ժողովրդի համար եռատոն է, հաղթանակի տոն, Շուշիի ազատագրման, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տոն է և անկասկած, իհարկե, երկրապահների, ովքեր կամավոր անդամագրվել են մեր շարժմանը, մեր պայքարին»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ հենց այդ մարդկանց աշխատանքի, ծառայության, պայքարի արդյունք է, որ այսօր իրենք խաղաղ արարում են իրականացնում հայ ժողովրդի համար, և նրանց ստորաբաժանումների հենքի վրա է ստեղծվել Հայոց բանակը, որն այսօր ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունը:

«Հայկական բանակն իր զորահավաքային ռեսուրսի, ազատամարտիկների, երկրապահների հետ միասին այսօր մի կուռ կառույց է և անհրաժեշտության դեպքում միշտ էլ պատրաստ է լինելու կանգնել մեր հայրենիքի պաշտպանությանը»,- ասաց նախարարը:

Նույն շարքից