Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում այսօր՝ Երկրապահի օրը, կատարվել են հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալների, Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի հոգեհանգստյան արարողություններ, տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամբ թեմի առաջնորդի՝ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հասարակական կառույցների, վետերանների միության աղոթք է բարձրացվել Արցախյան նահատակների հոգու խաղաղության համար:
Հավարտ արարողության Առաջնորդ Սրբազանը իր խոսքում Արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկներին նմանեցրել է Քրիստոսի համար նահատակված մարտիրոս քրիստոնյաներին, որոնց թափված արյամբ հիմնվեց Հիսուսի Եկեղեցին և հայ քաջամարտիկների հեղված արյամբ ազատագրվեց Արցախը ու զորացավ Հայոց երկիրը:
Սրբազան Հայրը Երկրապահի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր է ուղղել Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, մաղթել նրան երկար տարիների արևշատ և խաղաղ կյանք։