Քաղաքականություն 

Ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում է աղետալի հետևանքների. Սերժ Սարգսյան

analitik.am

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը:

Իր ելույթում նախագահն անդրադարձել է Հայաստան–ՀԱՊԿ համագործակցությանը, ուկրաինական դեպքերին, նշել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ, ապա ավելացրել, որ իրադրության զարգացման վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսումը, երկխոսությանը ուժային միջոցների հակադրումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում են աղետալի հետևանքների:

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ Մոսկվայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ

 

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,


Հարգելի՛ գործընկերներ, բարեկամներ,


Սկսեմ Ռուսաստանի Նախագահի հասցեին անկեղծ երախտագիտության խոսքերով՝ մեր կողմից հավասարապես պատվելի և բոլորիս միավորող տոնի՝ Հաղթանակի օրվա տոնակատարության նախօրեին Մոսկվա այցելելու հրավերի համար:

 

Մենք ներկայացնում ենք պետություններ, որոնց ժողովուրդները Հայրենական մեծ պատերազմում ամենաշատ կորուստներն են կրել, վճռորոշ ներդրում ունեցել Մեծ հաղթանակի ձեռքբերման գործում: Եվ մեր ընդհանուր պարտքն է՝ խնամքով պահպանել նրա ժառանգությունը, անել ամեն հնարավորը, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը միավորեն երկրների և ժողովուրդների, ծառայեն նոր սպառնալիքների կանխմանը:

 

Նաև շնորհակալ եմ ոչ պաշտոնական միջավայրում առավել սուր, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման հնարավորության համար:

 

Մեր երկրների պաշտպանունակության, հավաքական անվտանգության համակարգի մարտունակության և արդյունավետության բարձրացման խնդրին է ենթակա և՛ երկկողմ մակարդակով, և՛ տարածաշրջանային կազմակերպությունների ձևաչափով, բնականաբար, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող ամբողջ աշխատանքը: Այդ աշխատանքը տարվում է՝ հաշվի առնելով միջազգային իրադրության զարգացման ընթացքը:

 

Վստահ եմ, որ դիտարկվող ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում արագ փոփոխությունների պայմաններում չափազանց կարևոր է դառնում անվտանգության, այդ թվում՝ արտաքին հարցերում, անդամ-պետությունների գործողությունների համակարգման բարելավման թեման: Դրա համար մենք ՀԱՊԿ-ում անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծեցինք: Ընդ որում, Հայաստանն առաջնորդվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների համար կարևորագույն հարցերում մեր դիրքորոշումների համադրման սկզբունքային անհրաժեշտությամբ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում դրանց քննարկման ժամանակ:

 

Այդ մոտեցումը եղել է մեր դիրքորոշման հիմքում 2008թ. օգոստոսի դեպքերից հետո ամենատարբեր կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ: Եվ մենք հստակ պատկերացնում էինք, որ մի կողմից խոսքը գնում է մեր դաշնակցային հարաբերությունների մասին, իսկ մյուս կողմից՝ մեր հարևան երկրի մասին, որտեղ մենք մի քանի հարյուր հազարանոց մեծ համայնք ունենք, երկիր, որի տարածքով իրականացվում է Հայաստան ամբողջ մատակարարումների մոտավորապես 75 տոկոսը: Այդպես է եղել նաև այժմ և՛ ՄԱԿ-ում, և՛ Եվրոպայի խորհրդում ուկրաինական ճգնաժամի հարցով քվեարկության ժամանակ: Ես կարծում եմ, որ մենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված, քանի որ փոքր-ինչ տարօրինակ է ստացվում:

 

Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի և այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաև այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում:

 

Խորին ափսոսանքով ենք նշում, որ այդ իրադարձությունները հանգեցրել են մարդկային զոհերի: Առաջնորդվում ենք նրանով, որ ճգնաժամը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով, լայն երկխոսության միջոցով, առաջին հերթին՝ հենց հասարակության մեջ, ինչպես նաև բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի, այդ թվում նաև ընթացիկ տարվա ապրիլի 17-ին Ժնևում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա:

 

Վլադիմիր Վլադիմիրի, հուսով եմ, որ այսօր ոչ պաշտոնական միջավայրում Դուք մեզ կներկայացնեք Ուկրաինայում իրադրության զարգացման Ձեր տեսլականը: Իրադրության զարգացման վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսումը, երկխոսությանը ուժային միջոցների հակադրումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում են աղետալի հետևանքների:

 

Մենք այսուհետ ևս պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ ուղղված անդամ-պետությունների համար ռիսկերի նվազեցմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը՝ հիմնվելով, առաջին հերթին, «Մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների վրա»: Պետք է անհրաժեշտ ուշադրություն հատկացնել արագ արձագանքման հավաքական ուժերի զարգացմանը, մշտապես ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության համատեղ հնարավորությունների զարգացման հարցերը: Եվ այստեղ կարևոր են ինչպես պարբերաբար անցկացվող վարժանքները՝ «Նելեգալ», «Կանալ» և «Պրոկսի» օպերացիաները, այնպես էլ զորքերի մարտունակության մակարդակի, դրանց համադրելիության և շարժունակության կարողությունների անակնկալ ստուգումները: Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ 2015թ. սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնել ՀԱՊԿ խաղարար ուժերի զորավարժություն՝ «Անխախտ բարեկամություն-2015», որոնք, վստահեցնում եմ ձեզ, կանցկացվեն ամենաբարձր մակարդակով:

 

Կարևոր եմ համարում ՀԱՊԿ արագ արձագանքման միացյալ ուժերը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու գործընթացի արագացումը և ռազմական տեխնիկայի ու բեռների տարանցիկության, ինչպես նաև երրորդ պետությունների տարածքներով անձնակազմի տեղափոխման հարցերի վերջնականապես կարգավորումը:

 

Ընթացիկ տարվա հուլիսի 1-2-ին Երևանում ՀԱՊԿ քարտուղարության հետ համատեղ կանցկացվի անվտանգության հարցերով «ՄԱԿ սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղարար ներուժի ինտեգրում խաղաղ օպերացիաների գլոբալ համակարգում» թեմայով երևանյան միջազգային ռազմավարական համաժողով: Սա առաջին այսպիսի համաժողովն է, և ես գործընկերներին խնդրում եմ աջակցել նախաձեռնությանն ու հանձնարարել մասնակից-պետությունների համապատասխան կառույցներին՝ ապահովել մասնակցության բարձր մակարդակ:

 

Հավաքական անվտանգության խորհրդի Սոչիի նստաշրջանում մենք հանգամանորեն խոսեցինք Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Քննարկեցինք Աֆղանստանում, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում իրադրության զարգացման հնարավոր սցենարները: Այժմ այդ ամենն ավելի ընդգծված բնույթ է կրում: Ես նկատի ունեմ նաև Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ դրսից նախապես ծրագրված օպերացիան:

 

Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ մասնակից-պետություններին՝ սիրիական հայաբնակ Քեսաբի հարցի կապակցությամբ դիրքորոշման համար, որն արտահայտվեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների 2014թ. ապրիլի 3-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ: Վլադիմիր Վլադիմիրի, այստեղ պետք է ընդգծել Ռուսաստանի դիրքորոշումը, որը լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամ՝ ամենատարբեր մակարդակներում ակտիվորեն աշխատում է սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հանդես է եկել քեսաբահայերին աջակցության հայտարարություններով:

 

Շնորհակալ եմ Ձեզ: Շնորհակալ եմ ուշադրության համար»։

Նույն շարքից