Բիզնես 

«Ամերիաբանկի» շահույթը 2013-ին կազմել է 6,2 մլրդ դրամ, 2014-ին ակնկալվում է 18% աճ

analitik.am

2013թ-ի «Ամերիաբանկի» շահույթը կազմել է 6,2 մլրդ ՀՀ դրամ, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 13%: Այս և մի քանի այլ հիմնական ցուցանիշներ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նա նշեց, որ այս տարի շահույթը պետք է 18%-ով աճի՝ վարկային ներդրումների աճի շնորհիվ, ինչպես նաև նախատեսվելիք վարկային պորտֆելի ավելացման հաշվին:

«Աճել են բանկի ակտիվները շուրջ 29%-ով և նախորդ տարվա դեկտեմբերի վերջի տվյալներով դրանք կազմել են ավելի քան 315 մլրդ ՀՀ դրամ: Պարտավորություններն աճել են 32.6%-ով՝ կազմելով ավելի քան 276.2 մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել են շուրջ 35%-ով և տարեվերջի դրությամբ կազմել 170 մլրդ ՀՀ դրամ: «Ամերիաբանկը» հաշվետու տարվա արդյունքներով ներկայացված ցուցանիշների մեծությամբ ՀՀ բանկային համակարգում բացարձակ առաջատարի դիրք է զբաղեցնում»,- ասաց նա:

Արտակ Հանեսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները հաշվետու տարում աճել են գրեթե 45%-ով և կազմել շուրջ 68 մլրդ ՀՀ դրամ:

Անդրադառնալով վարկավորմանը, բանկի գլխավոր տնօրենը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 176 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 21%-ով, իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերն աճել են շուրջ 58%-ով և տարեվերջին ՓՄՁ վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 33 մլրդ ՀՀ դրամ:

«Նախորդ տարի մեր հիմնական նպատակն էր զարգացնել ՓՄՁ-ի վարկավորումը և մանրածախ պրոդուկտների ավելացումը մեր վարկային պորտֆելում: Այս պատճառով էլ աճ ենք գրանցել: Մենք նաև արագացրել ենք վարկավորման համար տրվող պատասխանը: Այսինքն՝ քաղաքացին մինիմալ ինֆորմացիա ներկայացնելով 1-2 օրվա ընթացքում պատասխան է ստանում՝ դրական կամ բացասական»,- ասաց նա:

Անդրադառնալով հաջորդ տարվա պլաններին և ակնկալիքներին, Արտակ Հանեսյանը նշեց. «Ակտիվների աճը նախատեսում ենք 10%-ի շրջանակներում, վարկային ներդրումների աճը՝ 22%-ի: Բայց մի բան է պլանավորումը, մեկ այլ բան՝ շուկայի փոփոխությունները: Տարվա ընթացքում երկու մասնաճյուղ կբացվի, մեկը՝ Երևանում, մյուսը, հավանաբար, Գյումրիում»:

Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում բանկը երկու մասնաճյուղ է բացել՝ Երևանում ու Արցախում և երկու արշավ է իրականացրել՝ «Ես ազատ եմ» և «Ես եմ Արցախի ապագան» խորագրերով:

Նույն շարքից