Հայաստան 

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Եվրամիության դեսպանների հետ

analitik.am

Այսօր Հայաստանում Եվրամիության պատվիրակության նախաձեռնությամբ ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության դեսպանների հետ։ Ինչպես հայտնում են ՀՅԴ ԳՄ Մամուլի դիվանից՝ հանդիպմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Լեհաստանի Ռումինիայի, Իտալիայի, Հունաստանի, Չեխիայի և Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանորդները։


Հանդիպման հյուրընկալը՝ Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ընդգծելով նման ձևաչափով քաղաքական հանդիպումների ու քննարկումների կարևորությունը, խոսքը փոխանցել է ՀՅԴ ներկայացուցիչներին` ներկայացնելու ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումների առնչությամբ ՀՅԴ պատկերացումներն ու ծրագրերը։



ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, էական դիտելով եվրոպական չափանիշներով պետության կառուցման հեռանկարը, ընդգծելով կուսակցության ծրագրային փաստաթղթերում ամրագրված եվրոպական արժեհամակարգի նկատմամբ ՀՅԴ հավատարմությունը, ներկայացրել է ՀՅԴ գործունեության հիմնական ուղղություններն ու ընթացիկ ժամանակահատվածի առաջնահերթությունները։



Սահմանադրական բարեփոխումների ՀՅԴ հայեցակարգի մի շարք դրույթների անդրադարձել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ կարևորելով այս ուղղությամբ պառլամենտական կառավարման եվրոպական երկրների փորձը, ինչպես նաև Վենետիկի հանձնախմբի փորձագիտական եզրակացությունը մայր օրենքի առաջիկա մշակման փուլում։

 


Դեսպանների հետաքրքրության շրջանակում էին նաև ներքաղաքական վերջին դեպքերի համատեքստում ՀՅԴ ունեցած դերակատարությունն ու իշխանության հետ հետագա գործակցության ձևաչափին առնչվող հարցեր։

Նույն շարքից