Հայաստան 

Ելնելով Հայաստանի շահերից` մենք փնտրենք նմանություններ` հետևելով «և...և» քաղաքականությանը․ Կ․ Բեքարյան

analitik.am

Եվրաինտեգրման քաղաքականությունը չի հակասում ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանը, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը։



«Կա հետաքրքիր ձևակերպում` որքան շատ հակասություններ փորձենք գտնել, այնքան շատ կլինեն դրանք։ Խնդիրն այն է, որ ելնելով Հայաստանի շահերից` մենք փնտրենք նմանություններ` հետևելով «և...և» քաղաքականությանը», – ասաց Բեքարյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ։



Նրա խոսքերով` ԵՏՄ–ն տնտեսական միություն է, և այստեղ կարևոր է տնտեսական բաղադրիչը։



«ԵՄ–ի դեպքում մենք գործ ունենք ավելի լայն օրակարգի հետ, որն ընդգրկում է նաև տնտեսական բաղադրիչը, որն անհրաժեշտ է պարտադիր զարգացնել», – ասաց Բեքարյանը` նշելով, որ այս պահին Հայաստանը պատրաստակամություն է դրսևորում զարգացնել հարաբերությունները ԵՄ–ի հետ։



Նրա խոսքերով` վերլուծելով Ռիգայի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի և ԵՄ–ի պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները` կարելի է եզրակացնել, որ անորոշության և խորհրդակցությունների ժամանակահատվածը Հայաստանի և ԵՄ–ի հարաբերություններում ավարտվել է։



«Հիմա մենք սպասում ենք, որ ԵՄ երկրները պետք է բանակցողներին տրամադրեն մանդատ` իրավաբանական փաստաթղթի քննարկման և կնքման համար։ Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մինչև Ռիգայի գագաթնաժողովը կամ դրա ընթացքում, ինչից հետո Հայաստանի և ԵՄ–ի միջև կկնքվի նոր փաստաթուղթ», – ասաց Բեքարյանը։



Նրա կարծիքով` փաստաթուղթը քաղաքական մասով կլինի Հայաստան–ԵՄ ասոցացման համաձայնագրի փոքր–ինչ ձևափոխված տեսակը։ Կկատարվեն փոփոխություններ տնտեսական մասում` հաշվի առնելով ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը։



Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանն ու ԵՄ–ն մտադիր են համագործակցության համաձայնագիր ստորագրել մայիսի 21–22–ը նախատեսված Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում, որտեղ ներառված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը։ 

Նույն շարքից