Հայաստան 

Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանի առաջարկների մասին. 168.am

analitik.am

«Այլ ենթադրելի և երբեմն նաև կասկածելի աղբյուներից շրջանառության մեջ մտնող տարբեր տեսակի տեղակատվություններին անդրադառնալը ես նպատակահարմար չեմ գտնում և գտնում եմ, որ այն հայտարարությունը, որը պաշտոնապես եռյակի կողմից ենթակա է հրապարակման, հրապարակվել է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Առավոտ» օրաթերթի այն տեղեկություններին, թե Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ի եռյակի հանդիպման ժամանակ մի շարք առաջարկներ է արել եռյակի անդամներին, որոնք մերժվել են, նման տեսակետ հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ «Առավոտի» տեղեկություններով՝ այդ հավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է, որ հենց հաջորդ օրը` ամսի 14-ին, եռյակի ուժերն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնեն: Սակայն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի համաձայնվել: Հրատապ ու չհավասարակշռված քայլերի կարիք չկա` ասել է նա ու պնդել, որ եռյակի հանրահավաքը պարտադիր պետք է արտոնված լինի: Գագիկ Ծառուկյանն առաջարկել է, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ բանակցեն: ՀԱԿ-ականները չեն համաձայնել` պնդելով, որ չարժե գործարքի մեջ մտնել ոչ կայուն, փոփոխական բնավորությամբ Պարույր Հայրիկյանի հետ, ով կարող է նաև իշխանության հետ գործարքի գնալ ու տարբեր փորձանքներ բերել իրենց գլխին:

Թերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը նաև առաջարկել է, որ Սերժ Սարգսյանի ելույթին իբրև հակաքայլ եռյակի անունից հայտարարություն տարածվի: ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ղեկավարները հրաժարվել են: Նշենք նաև, որ ՀԱԿ-ականները «Առավոտի» հետ զրույցում հերքել են այս տեղեկությունները: Մեզ հետ զրույցում Ի. Տոնոյանը նշեց, որ եռյակի առաջնորդների հանդիպումից անմիջապես հետո տարածվել է հաղորդագրություն, որում տեղ է գտել այն տեղեկատվությունը, որը ենթակա է հրապարակման և որը հրապարակվել է. «Ես որևէ կերպ նման խոսակցություններին, երբեմն մտացածին, երբեմն արհեստականորեն շրջանառության մեջ դրվող այդ տեղեկություններին անդադառնալու նպատակահարամարություն չեմ տեսնում»: 

Նույն շարքից