Տնտեսություն 

Կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը:

Նշենք, որ հիմնադրամն ստեղծվել է ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միաձուլման ձևով վերակազմակերպելու միջոցով:

Համաձայն հաստատված օրակարգի՝ նիստում քննարկվել և հաստատվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների վարձատրության կարգը և 2015 թ. բյուջեն:

Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարել է քննարկվող փաստաթղթերը վերախմբագրել և լրամշակել հնչած դիտողություններով ու առաջարկություններով: Մեկ այլ հարցով հավանության է արժանացել հիմնադրամի կանոնադրությունում առաջարկվող փոփոխությունը և գույքի տնօրինման կարգը:

Հաջորդիվ խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանի թեկնածությունը:

Հիմնադրամի ներդրումների, արտահանման և զբոսաշրջության գծով տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել համապատասխանաբար Ավետիք Հովհաննիսյանը, Հայկ Միրզոյանը և Տիգրան Կարապետյանը: 

Նույն շարքից